Այս էջը հաստատված է

էի, թե այդպիսով կարող եմ գրկվել նրան տեսնելու, լսելու, հետը խոսելու անհուն հաճույքից, երկյուղով շշնջում էի. «Անկարելի է, անկարելի է. նա երբեք չի պիտի հեռանա ինձանից…»։

Բայց ի՞նչ տարօրինակ և անծանոթ բարեկամության մի անձուկ է այս, որ պատել, պաշարել է ինձ,— մտածում էի երբեմն.— ես կորցրել եմ իմ հոգու խաղաղությունը, սրտիս անդորրությունը. էլ ուրիշ ոչնչի վրա չեմ ուզում մտածել, ամեն ընկերություն ինձ նեղացնում, ամեն ուրախություն՝ տաղտկացնում է միայն լուռ ու մութ անկյուններն են, որոնք քաշում են ինձ դեպի իրենց և ուր խորհում, մտորում եմ միայն նրա համար… ի՞նչ է արդյոք այդ փոփոխության անունը, մի՞թե ես սիրում եմ նրան…

— «Սիրում եմ». այս երկու բառերն իսկ կապում, կաշկանդում էին լեզուս, ես կամենում էի արտասանել նրանց հաճախ, բայց ինքս ինձանից քաշվում էի։

Վերջին ժամանակներն ավելի ու ավելի սկսա անձնատուր լինել իմ թաքուն մտածմունքներին։ Առողջությունս հետզհետե խանգարվում էր, երեսս՝ գույնը նետում, ախորժակս փոխվում և մի ընդհանուր թուլություն տիրում էր վրաս։ Ծնողներս սկսան անհանգստանալ.— «Ի՞նչ է պատահել քեզ, ինչո՞ւ գունատ ես, ինչո՞ւ տխուր ես»,— շարունակ հարցնում էին և անհանգստացնում ինձ, սակայն ես չգիտեի ի՞նչ պատասխանել։ «Ոչինչ և ոչինչ»,— այս էր իմ միակ պատասխանը։

Այսուամենայնիվ, ես արդեն հաշտվել էի ա՛յն մտքի հետ. թե սիրում եմ երիտասարդ Գարեգնին… Եվ այս սերը նոր չէր, և ոչ էլ օրերի, կամ շաբաթների ծնունդ. նա դարբնվել էր իմ սրտում ամբողջ տարվա ընթացքում մի-մի կայծերով, որոնք տակավ առ տակավ միանալով այժմ վառում էին այդտեղ անշիջանելի հնոց սիրո և հիացման… Եվ այդ կրակը, հարկավ, ես չէի կարող մարել. նա պետք է վառեր, բորբոքեր իմ սիրտը, գուցե նա լափեր, սպառեր իմ գոյությունը. այդ ճակատագրից այլևս անկարող էի ազատվել։ Միայն թե մի բան անհրաժեշտ էր այդ դեպքում այն է՝ աշխատել, որքան հնար էր, երևալ արտաքուստ