Այս էջը հաստատված է

— Հաճոյախոսությո՞ւն, երբե՛ք, ես ճշմարտությունն եմ ասում, օրիորդ. հաճոյախոսելու բնավ տեղիք չունիմ։

-Ավելի լավ. ուրեմն ինձ մնում է ուրախանալ, որ մի բանով կարողացել եմ ձեզ զվարճացնել,— նկատեց օրիորդը ինքնագոհ ժպիտով։

Այսուհետև Մաշտոցյանը և իշխանուհին, որոնք խոսակցության մի կարևոր նյութ չունեին, բայց պարտավոր էին միմյանց զբաղեցնել, սկսան, ինչպես բնական էր խոսել իրենց ծանոթության սկզբնապատճառ պարահանդեսի, նրա մեջ տեղի ունեցած անցքերի, մի քանի աչքի ընկնող անձնավորությունների և այլ այսպիսի աննպատակ բաների վերա։ Վերադարձավ եկեղեցուց և մայր իշխանուհին, որը յուր կողմից նույնպես քաղցրությամբ ողջունեց երիտասարդի գալուստը, և սկսավ ընկերակցել նրանց խոսակցությանը, ավելացնելով մի քանի նոր պատմություններ երկու երիտասարդներին անծանոթ անցյալից։ Այդ պատմություններից երևաց, որ Մաշտոցյանի պապը շատ սրտակից բարեկամ էր եղած իշխանուհու հոր հետ, իսկ հայրը դրացի ընկեր նույնիսկ իշխանուհու հետ, թե մի ժամանակ նրանց տունը գրեթե մեկ էր. թե ամեն օր այդ երկու դրացիները միասին էին ժամանակ անցուցանում, միասին ուտում, խմում և քեֆ անում, թե ինչպես հիմա ժամանակները փոխվել են, ինչպես դրացության բարեկամությունը մոռացվել և նրա օրենքները խախտվել են և այլ այսպիսի հին ու անպետք ճշմարտություններ։

Այս բոլոր աննպատակ խոսակցության ժամանակ երեք խոսակիցներն էլ մի որոշ նպատակ ունեին իրենց համար: Երիտասարդ Մաշտոցյանն ուշի ուշով դիտում էր օրիորդ Ամալիային, որ յուր կարծիքով յուր անբռնաբարելի սեփականությունն էր։ Վաճառականին հատուկ սրամտությամբ նա քննում էր նրա արտասանած ամեն մի խոսքը, նրա յուրաքանչյուր հայացքը, ժպիտը և շարժմունքը։ Նա կարծում էր, թե այդ ճանապարհով կարող էր ուսումնասիրել յուր ապագա հարսնացուին և նախքան առաջարկություն անելը՝ ճանաչել նրան։ Սա, իհարկե, մի տղայական խորամանկություն էր, որ նրան մի ճշմարիտ եզրակացության հասցնել չէր կարող։ Մի կին ճանաչելու համար շատ քիչ են ոչ միայն վայրկենական