Այս էջը հաստատված է

— Ո՛չ, երևի մի անակնկալ դեպք արգելել է նրան,— պատասխանեցի ես, ինքս իմ խոսքերից վախենալով։

— Բոլորովին անսպասելի էր,— հարեց մայրս,— ամբողջ տարվա մեջ նա երբեք չէ բացակայել, չլինի՞ հիվանդ է:

— Կարող է պատահել, երևի կիմանանք,— ավելացրեց հայրս և սրանով հարցը փակվեց։

Բայց նրա «երևի կիմանանք» խոսքը դող հանեց սիրտս։ Ես գուշակում էի նրա չգալու պատճառը և չգիտեի ի՞նչ անել ամոթապարտ լինելուց ազատվելու համար։

Մեծ տանջանք կրեցի՝ ծնողներիս հետ ճաշի ժամն անցընելու համար. ախորժակ չունեի, բայց պետք է ուտեի, խոսելս չէր գալիս, պետք է խոսեի, տխրությունը սիրտս ճմլում էր, պետք է զվարթ երևայի։ Ուրիշ անգամ, գուցե, այդքան չաշխատեի ծնողներիս ուշադրությունն ինձանից հեռացնելու, բայց այդ օրն, ինձ թվում էր, թե իմ լռության ու տխրության ամեն մի վայրկյանը կարող էր ինձ մատնել։ Օ՜հ, ինչպե՜ս ծանր է կեղծել. ինչպե՜ս ծանր է ծածկել… Մի՞թե ես այդ բաների համար էի ստեղծված։ Եվ սակայն հարկը ի՞նչ բաների չէ վարժեցնում մարդուն։

Սեղանից հեռանալս և մի սենյակում փակվելս մեկ եղավ։ Աղախնին պատվիրեցի ոչ ոքի չթողնել ինձ մոտ մտնելու, առարկելով թե՝ կարևոր պարապմունք ունիմ։

Մտնելով սենյակս, սկսա դարձյալ անձնատուր լինել իմ մտածմունքներին։ Բայց տեսնելով, որ դրանով միայն ուղեղս եմ լարում և ուժերս սպառում, որովհետև տանջվելուց զատ ուրիշ բան չէի առաջացնում, աշխատեցի քնել։ Դա միակ միջոցն է մաշող մտմտուքից գեթ մի քանի ժամ ազատվելու համար, եթե միայն հաջողի։ Բարեբախտաբար քնելն ինձ հաջողում էր։

Հետևյալ օրը նույնպես Գարեգինը չերևաց։ Իմ մեջ այլևս կասկած չմնաց, որ երիտասարդն յուր մշտական բացակայությամբն է կամենում իմ հիվանդությունը բուժել։ Դա մի սարսափելի ճշմարտություն էր ինձ համար։— «Այս ի՞նչ արի, ի՞նչ չարիք բերի իմ գլխին,— մտածում էի ես.— գոնե առաջ ամեն օր տեսնում էի նրան, խոսում էի հետը մի ժամ, իսկ այժմ ի՞նչ է իմ դրությունը…»։