Այս էջը հաստատված է

Այս ամենի վրա ավելացավ և շուտով ամոթահար լինելու երկյուղը, երբ երեկոյան դեմ հայրս գնաց հոգևոր դպրոցը, ուր բնակում էր Գարեգինը, նրա բացակայության պատճառն իմանալու։

Տեր աստված, որքա՜ն հոգեկան տանջանք կրեցի ես այդ մի ժամվա մեջ… Արդյոք ի՞նչ պիտի ասեր նա հորս, ի՞նչ պատճառ պետք է բերեր. չէ՞ որ իմ խոստովանության պատմությունը պիտի աներ… իսկ իմ հայրը… օ՜հ, խելագարվում էի. որպիսի՜ ամոթով, որքա՜ն ճնշվելով պիտի լսեր նրանից յուր պարկեշտ, ամոթխած ճանաչված աղջկա անլուր, անպատկառ արարքը… օ՛հ, ինչպես ծանր, ինչպես անտանելի էր այդ. սիրտս ուժգին բաբախելուց, ասես թե կամենում էր դուրս թռչել, գլուխս այրվում էր, մի վայրկյան հանգիստ չէի գտնում. մերթ նստում, մտածում էի. մերթ նորեն վեր թռչում տեղիցս. չգիտեի ո՞ւր գնալ, ո՞ւր դիմել. նույնիսկ սենյակները հալածում էին ինձ. իմ պարապմունքի սեղանը, իմ գրքերը՝ բոլորն էլ այդ վայրկենին դարձել էին ատելի, ոչնչով զբաղվել, ոչնչով իմ մտքերը ցրել չէի կարողանում։

Վերջապես օրհասական վայրկյանը հասավ. հայրս երևաց բակում։ Բայց, ո՜վ զարմանք, հենց այդ րոպեին էլ իմ հուզմունքը դադարեց, հուսահատությանս ու երկյուղիս հաջորդեց բոլորովին ուրիշ, ինձ անծանոթ մի զգացմունք. իմ հոգին նոր ուժ ու կորով ստացավ, նա կարծես պատրաստվում էր ապստամբելու իրեն ճնշող, կաշկանդող ուժերի դեմ։— «Այո՛, սիրում եմ, այդպես էլ կասեմ, ես հանցանք չեմ գործում, ուրեմն վախենալու էլ ոչինչ չունիմ…»,— ասացի ինքս ինձ և աներկյուղ սպասեցի հորս ներս գալուն։

— Վարժապետդ շտապ ավարտելու գրելիք է ունեցել, այդ պատճառով չէ եկել. շատ ներողություն էր խնդրում. ես ասացի՝ ո՛չինչ, մի՛ նեղանաք։ Բայց վաղվանից կգա,- ասաց հայրս սենյակը մտնելով։

Ես մնացի ապշած. չէի կամենում հավատալ ականջներիս, ուրախությունը կարծես չէր զորում մոտենալ իմ