Այս էջը հաստատված է

կծկված սրտին… «Մի՞թե այս ճշմարիտ է. մի՞թե նա ճշմարիտը խոսեց…»,— մտածում էի ես։

Բայց որովհետև հայրս ուրիշ ոչինչ չասաց և հանգիստ սրտով մտավ սեղանատուն թեյ խմելու, ուստի իմ մեջ այլևս կասկած չմնաց, որ անցյալ օրվա պատմությունից նա ոչինչ չգիտե։ Վասնզի հայրս չէր ա՛յն մարդկանցից, որոնք առանձին շնորհք են ունենում ամեն տեսակ գաղտնիք իրենց սրտում ծածկելու, իսկ դեմքի վրա հակառակ զգացմունք արտահայտելու։ Եթե նա ունենար մի գաղտնիք և ստիպված լիներ ծածկել, այնքան անշնորհք ձևով կաներ այդ, որ ամեն ոք կգուշակեր յուր գաղտնիք ունենալը։

— Ազնի՛վ և առաքինի երիտասարդ, այժմ ավելի քան երբեք սիրում եմ քեզ…— բացականչեցի ես, երբ մնացի միայն իմ զգացմունքների հետ.— այսուհետև այլևս տխրությունն ու մտածմունքը թող չհուզեն ինձ. ես լուռ, անմռունչ կսիրեմ քեզ և եթե դու չբաժանես իսկ իմ զգացմունքը, գոնե չես արգելիլ սիրել քեզ… ինձ այնքանն էլ բավ է, որ ամեն օր քեզ տեսնելու, քեզ հետ խոսելու բախտը ունենամ…

Հետևյալ օրը Գարեգինն եկավ յուր ժամանակին։ Նա նույն հանգիստ ու զվարթ դեմքով ողջունեց ինձ, ինչպես և առաջ։ Հարկ չկա ասելու, որ ամբողջ դասի ժամանակ ես չէի համարձակվում աչքերս բարձրացնել։ Բայց երեկվանից արդեն, երբ հուզմունքս անցել էր, ես բավական դաս էի պատրաստել, բավական գրել էի և ա՛յս էր, որ մի փոքր անզգալի էր դարձնում մեր այդ օրվա տեսակցության ազդեցության ծանրությունը։

Գարեգինը ուրախ տրամադրությամբ հետևյալ դասերը խոսեց, կարդալու համար նոր դիրք նշանակեց, գրելու նյութ տվավ և քաղցրությամբ ողջունելով դուրս գնաց։

Երբեք այնպես հանգիստ, այնպես ուրախ չէի զգացել ինձ, ինչպես այժմ։

Սրանից հետո մի շաբաթ ևս նա շարունակեց յուր այցելությունները։ Բայց այդ բոլոր ժամանակ նա կարծես յուր տված դասերի ու սովորեցրածների վերջաբանն էր կազմում, նշանակելով միայն կարդալու հատվածներ և