Այս էջը հաստատված է

ևս, իմ շփոթությունը հայտնի չկացուցանելու համար, վեր կացա տեղից և հանդիսավոր ձևով ասացի.

— Ձեր երախտիքն այնքան մեծ է ինձ վրա, որ ես ոչնչով չեմ կարող փոխարինել։ Այդ պարտքի ծանրությունը ինձ անզգալի անելու համար, պետք է որ դուք պաշտոնական բարեկամ լինելուց դադարեք։ Իմ ծնողները ձեզ կընդունեն իրենց սիրելի որդու, իսկ ես՝ իմ հարազատ եղբոր տեղ։ Այցելեցեք մեզ, խնդրում եմ, կարելվույն չափ հաճախ։ Մենք միշտ սիրով պիտի սպասենք ձեզ։

— Այո, այո, խնդրում ենք, շատ ենք խնդրում, դուք մեր որդին, մեր ընտանիքի անդամն եք,— գրեթե միաբերան ասացին ծնողներս։

Գարեգինը շնորհակալություն հայտնեց և խոստանալով, որ կարողացածին չափ կաշխատե մեզ այցելել, ողջունեց և դուրս գնաց։

Ես հետևեցի նրան մինչև բակի դուռը։ Եվ երբ նա այդտեղից դուրս գալիս պարզեց ինձ ձեռը վերջին «մնաք բարևն» ասելու, ես ջերմությամբ առի այն իմ ձեռքի մեջ և նկատեցի. — այսուամենայնիվ, պարոն Գարեգին, մնաց դարձյալ մի դաս, որ չտվիք ինձ ուսանելու…

— Ո՞րն է այդ դասը,— հարցրեց նա ժպտալով։

— Ա՛յն, թե ի՞նչ պետք է անե խեղճ օրիորդը, որի սրտում վառված սուրբ սիրո կրակն անարգվում է, նույնիսկ, սրբության պաշտպանից։

— Դուք այդ դասը սովորելու կարիք չունիք, օրիորդ,— պատասխանեց երիտասարդը ծանրությամբ,— որովհետև սրբությունը չի կարող անարգվիլ յուր երկրպագուից…

Եվ նա մի քաղցր հայացք ձգելով վրաս, ջերմությամբ սեղմեց ձեռս և հեռացավ։

ԵՐՐՈՐԴ ՕՐ

Որքա՜ն մտատանջությունների պատճառ դարձան ինձ համար Գարեգնի՝ բաժանման րոպեին արտասանած վերջին, խորհրդավոր խոսքերը։ «Սրբությունը չի կարող