Այս էջը հաստատված է

անարգվիլ յուր երկրպագուից»,— ասաց նա։ Ո՞վ էր արդյոք այդ «երկրպագուն»։ Կարո՞ղ էի միթե հուսալ թե՝ դա ինքն է, իսկ դրա համար ունեի՞ ես ապացույց, գեթ մի թույլ փաստ, ավա՜ղ, և ոչ մի։ Եթե նա բաժանում լիներ իմ զգացումներն, ինչո՞ւ ապա դիտմամբ պիտի հեռանար ինձանից։ Նա ամենալավ պատրվակն ուներ մեզ մոտ հաճախելու, միշտ ինձ հետ տեսնվելու, որովհետև նա իմ ուսուցիչն էր… Բայց նա, ոչ միայն այդ պաշտոնից չկամեցավ օգտվիլ, այլև ինձանից բոլորովին հեռանալու համար կիսատ թողեց ուսմանս գործը։ Մի՞թե, արդարև, ես այլևս սովորելու ոչինչ չունեի… Բայց չէ, նա չկամեցավ յուր հաճախակի այցելություններով առավել ևս բորբոքել մի անգամ արդեն վառված կրակը։ Անարգա՞նք էր այս՝ ուղղված իմ անկեղծ խոստովանությանը, թե՝ բարձրագույն ազնվության ապացույց՝ զի չկամեցավ յուր բարոյական խնամքին և դաստիարակության հանձնված մի օրիորդի թուլությունից օգտվել,— ճիշտը չգիտեի, միայն ես հակված էի դեպի վերջին կարծիքը։

Անցավ մի ամբողջ շաբաթ և ես Գարեգնին տեսնել չկարողացա։ Նա մեզ մոտ չեկավ, իսկ ես՝ պտրտել նրան չէի կարող։ Մի քանի անգամ մտադրվեցա այցելել օրիորդաց դպրոցը նրան այնտեղ պատահելու հույսով. բայց ամեն անգամ էլ պատվասիրության զգացումը թույլ չտվավ ինձ այդ անել։

— «Ինչո՞ւ այդ աստիճան ստորանալ,— մտածում էի ես.- եթե նա պատճառներ է ստեղծում ինձանից հեռու մնալու, մի՞թե կվայելե, որ ես երթամ նրան պտրելու, իհարկե ո՛չ։ Գուցե հենց այդ վարմունքով նա կամեցել է զգալ տալ ինձ թե՝ իմ մասին նա բնավ չէ մտածում։ Ինչո՞ւ ուրեմն քաջություն չունենալ մոռացության տալ նրան…»։ Եվ ես այնուհետև որոշում էի աշխատել մոռանալ նրան։

Բայց մի՞թե այդ հնարավոր էր, մի՞թե ես այդ կարող էի անել։ Այդ տեսակ որոշումները ոչ այլ ինչ էին, եթե ոչ բռնի փորձեր՝ ներքին հրդեհի ուժը մի քանի ժամերով միայն թուլացնելու։ Անցնում էին այդ ժամերն և ահա՝ հրդեհը դարձյալ բորբոքվում, դարձյալ նոր ուժով երևան էր