Այս էջը հաստատված է

Եթե ես, երբևիցե, մտադիր լինեի ամուսնական ընկերակցությամբ ինձ երջանիկ անելու, արդարև, ձեր պատվաբեր առաջարկությունը կընդունեի՝ իբրև երկնքից ինձ ղրկված մի շնորհ, մի պարգև։ Որովհետև, գոնե ձեր դստեր նկատմամբ, ճանաչել ու գնահատել գիտցող երիտասարդը կարող է վստահությամբ ասել ահա՝ կին, որ պիտի երջանկացնե յուր ընտանիքը…

«Սակայն ցավելով պիտի խոստովանիմ, որ անկարող եմ ձեր առաջարկությունն ընդունել, որովհետև ես ուխտել ու երդվել եմ նվիրել իմ անձը ոչ թե սոսկ մի ընտանիքի, այլ իմ ամբողջ ազգին և այս ուխտը սուրբ է եղել ինձ համար պատանեկական օրերից սկսած մինչև այսօր։ Աշխարհային ոչ մի բարիք, ոչ մի փառք և ոչ մի հրապույր չէ գայթակղեցրել ինձ, ես հավատարիմ եմ մնացել իմ ուխտին և այսուհետև էլ հավատարիմ պիտի մնամ նրան, եթե, մինչև անգամ, երկրի բոլոր բարիքները համահավաք նվիրեն ինձ։

«Ո՞վ կարող է հերքել, որ աշխարհում, ճշմարիտ երջանկություն ձեռք բերելու համար, անհրաժեշտ է ամուսնանալ։ Ընտանիքը, մանավանդ սիրո, առաքինության և աշխատասիրության հիմունքների վրա հաստատված ընտանիքն, այն կենարար աղբյուրն է, որից բխում է մարդկային կյանքի երանավետությունը, ամենքիս տենչալի երջանկությունը։

«Սակայն կա և մի ուրիշ մարմին, որ ավելի սիրելի, ավելի պաշտելի է, քան մեր սեփականը։ Այդ մարմինը հայրենիքն է։ Ես ուխտել եմ իմ անձը նրան նվիրել, նրա սիրուց զատ՝ աշխարհում ուրիշ սեր չճանաչել, նրա ցավերից զատ՝ ուրիշ ցավերով չվշտանալ, նրա բախտավորությունից զատ՝ ուրիշ բախտավորություն չխնդրել… Իմ ուժերը փոխանակ մի ընտանիքի, կամ որոշ թիվ մարդկանց բախտին նվիրելու, ես ուխտել եմ բոլոր ազգին նվիրել։

«Այդպիսի մի մեծ մարմնի բարիքներին ծառայելու համար, արդարև, իմ ուժն ու ցանկությունը փոքր են ու աննշան, սակայն ծովն էլ կազմված է կաթիլներից։ Ես ավելի