Այս էջը հաստատված է

մարդկանց զենքերն են եղած ազնիվ հակառակորդների դեմ, ոտքի էին հանել քաղաքում սինլքոր խուժանը, որ առանց ճշմարտության հասու լինել կամենալու, հրապարակներում հավաքված, գոռում ու գոլում էր թե` «խաչ հանեցեք դրանց»։

Մի փոքր հետո իմացա, որ այս զրպարտության ու խառնակության ձայներն Էջմիածին հասնելով համոզել էին նաև Մատթեոս կաթողիկոսին՝ կոնդակով հրամայել հոգևոր դպրանոցի հոգաբարձության՝ արձակել տեսչին յուր վարժապետներով։ Պատմում էին թե՝ որպիսի աղիողորմ տեսարան էր ներկայացնում այդ ժամանակ հազիվ բարեկարգ դրության հասած այդ ուսումնարանը, որին նորեն սպառնում էր ավերումը։ Աշակերտները լալիս ու փարում էին վարժապետներին, աղաչելով նրանց՝ չթողնել իրենց վարձկան մշակների հույսով, չհանձնել դպրոցը դառնազգեստ գայլերին… Բայց ի՞նչ կարող էին անել վարժապետները. նրանց վերևից հրամայում էին հեռանալ, ուրեմն պիտի հեռանային և իրենց նոր վարած ու ցանած բուրաստանը թողնեին ճանապարհի շահամոլ անցորդներին։

Այսուամենայնիվ, տեսուչը, բարեկամների խորհրդով, դիմեց մի վերջին միջոցի։ Հանձնելով դպրոցը յուր հավատարիմներին, նա առավ յուր հետ Գարեգնին և պատվավոր հոգաբարձությունից մինին ու գնաց էջմիածին՝ իրերի դրությանը Մատթեոս կաթողիկոսին ծանոթացնելու համար։ Բայց նրա առաքելությունն ապարդյուն անցավ, ուստի և հուսահատ ու վշտահար վերադարձավ նա Թիֆլիս՝ յուր հայրենիքը։ Մինչդեռ Գարեգինը նորեն եկավ մեր քաղաքը յուր սիրելի դպրոցն ու «բուրաստանը» (ինչպես սիրում էր նա անվանել դպրոցը), վերջին անգամ տեսնելու և յուր ձեռնասուն աշակերտներին վերջին հրաժեշտի ողջույնը տալու։

Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ նրա վերադարձն իմացա։ Կարծում էի թե՝ նա եկել է նորից մեր քաղաքում մնալու և յուր սիրած դպրոցում պաշտոնավարելու։ Ուստի գոհ էի, որ այժմ, գեթ հեռվից, երբեմն-երբեմն նրան տեսնելու բախտը պիտի ունենամ։