Այս էջը հաստատված է

համար։ Բայց եթե չտեսնեի նրան, եթե նա հավիտյան հեռանար ինձանից՝ առանց յուր վերջին խոսքն ինձ ասելու… Օ՜, ի՞նչ կանեի ես այն ժամանակ. կարո՞ղ էի ներել ինձ այդ հանցանքը։ Եվ երբ հանկարծ մտածում էի թե՝ նա արդեն հեռանում է, թե նրա նամակը մի ճշմարիտ, բայց և չարագուշակ լուր է բերել ինձ, թե ես, ուրեմն, ընդմիշտ զրկվում եմ նրանից… գլուխս ուղղակի այրվում, սիրտս փոթորկում էր և կամենում կարծես դուրս թռչել յուր տեղից։

Բայց և այնպես պետք էր օգուտ քաղել դեպքից։ Վերջին անգամ իմ սիրելուն տեսնելու համար՝ ինձ մնում էր՝ միայն մի երկու ժամ։ Ուստի շտապով վերադարձա սենյակս, հագնվեցա և սպասուհիս հետս առնելով՝ դիմեցի դեպի օրիորդական դպրոցը:

Այստեղ պատահեցի Գարեգնին այն սենյակում, ուր նա հաճախ առանձնանում էր դասից ազատ միջոցներին։ Նա զբաղված էր մի ինչ որ գրությամբ։ Տեսնելով ինձ, իսկույն բարձրացավ տեղից և յուր մշտածիծաղ ժպիտով ողջունելով ինձ, խնդրեց նստել։

— «Ուրախ եմ, որ եկաք,— սկսավ նա խոսել՝ իմ հանդեպ նստելով։— Մի քանի օրից, սիրելի օրիորդ, ես հեռանում եմ այստեղից և, հավանական է, որ այլևս չվերադառնամ։ Մեր սիրած դպրոցները ես թողնում եմ գրեթե անտեր, որովհետև նրանք, որոնք ստիպեցին մեզ բաժանվել դրանցից և որոնք մեր գործի շարունակողը պիտի լինին, ոչ այլ ինչ են, եթե ոչ անսիրտ վարձկաններ։ Վշտահար սրտով հեռացավ մեր ազնվոգի տեսուչը, նույնպիսի սրտով էլ հեռանում եմ ես, որովհետև մեր հույսերն օդը ցնդեցան, իսկ ծրագրերը խեղդվեցան երկունքում… Ի՜նչ արած, երևի այս երկրի դժբախտ մանուկներին այսքանն էր վիճակված։

«Սակայն այդ վշտերի հետ միասին ծանրանում էր իմ սրտի վրա և մի ուրիշ մեծ վիշտ, որն ամենից ավելի պիտի տանջեր ինձ, եթե ես չմտածեի թեթևացնել այն որևէ միջոցով։

«Այդ վիշտը, օրիորդ, ձեր առ իս ունեցած չարաբախտ, սիրո պատճառած վիշտն է։