Այս էջը հաստատված է

«Սակայն մեզ, ուսուցանող երիտասարդներիս վրա սրբազան պարտք կա՝ ջերմեռանդությամբ պատկառ մնալ ուսանող աշակերտուհու առաքինության։ Ինձ համար, իբրև ուսուցչի, անհնար և, նույնիսկ, ամոթ էր ամենաթույլ ակնարկով իսկ ձեր զգացմունքը քաջալերել։ Թեպետ սերը նույն ինքն առաքինությունն է, սակայն ժամանակն ու հանգամանքները հազիվ են նրան յուր սկզբնական կամ որ նույնն է՝ առաքինական սահմաններում պահում։ Այդ իսկ պատճառով ես պարտավոր էի ամեն ջանք գործ գնել, իմ սրտի հնոցը սառույցի կեղևով պատելու։ Եվ եթե ես մինչև անգամ այդ չանեի իբրև ուսուցիչ, գոնե, իբրև կուսակրոնության ուխտյալ՝ պարտավոր էի անել: Որովհետև, եթե իրավ ես պատրաստվում էի նվիրել ինձ մի սուրբ կոչման, ուրեմն և պիտի սովորեի արժանապես ծառայել այդ կոչմանը, պիտի վարժեցնեի ինձ զրկանքների, անձնվիրության։ Գտնվելով այսպիսի պայմաններում, հարկավ, ինձ մնում էր տակով առ տակով մարել բնության ձեռքով իմ մեջ վառած կրակը, մարել այն մինչև վերջին առկայծումը… Սակայն, ավա՜ղ, հազիվ կարողացել էի թուլացնել իմ մեջ վառվող այդ հրդեհը, երբ ձեր սիրավառ խոստովանությունը բորբոքեց այն կրկին։ Այո՛, ա՛յն համբույրը, որ դուք դրոշմեցիք իմ ձեռքին, թափանցեց սիրտս, ինչպես մի կայծակ, որ ամպերի միջից անտառին զարնելով՝ այրում, փաղաղում է հանդիպող ծառերը և նրանցով մայրիի մեջ անշիջանելի հրդեհ բորբոքում։ Կարո՞ղ եք երևակայել թե՝ ի՞նչ քաշեցի ես այն երկու օրը, երբ դիտմամբ հեռու մնացի ձեզանից։ Որքա՜ն ուժ գործ դրի ես, մինչև որ երրորդ օրը կարողացա սառնասրտությամբ ոտք դնել ձեր տանը և քաջություն ունենալ ողջունելու ձեզ սովորական ժպիտով։ Այնուհետև, ես արագ-արագ ավարտեցի ուսմանդ գործը, միայն ձեր և իմ անձից փախչելու համար…

«Երկրորդ և առավել զորեղ հարվածը ձեր հոր առաջարկությունն էր, որ կարող էր տապաքել իմ հաստատակամությունը և դրժել տալ ինձ իմ ուխտին ու երդմանը. մանավանդ որ այդ ժամանակ դուք նստած էիք իմ հանդեպ՝ զինվորված ձեր բոլոր հրապույրներով. բայց ես օգնության