Այս էջը հաստատված է

Այստեղ մնացինք մի ամբողջ շաբաթ։ Արդեն երկրո՞րդ, թե՞ երրորդ օրվանից որոշել էի, որ այս գյուղն է իմ ընտրածը։ Այդ պատճառով էլ հետամուտ եղա, որքան կարելի էր, մանրամասն տեղեկություններ հավաքելու թե՛ սրա և թե՛ շրջակա գյուղերի մասին։ Այդ ժամանակ տեր-Հովսեփը մի երկու տարվա ձեռնադրած քահանա էր, բայց նրան այստեղ տեսնել չկարողացա, որովհետև մեր տեղս եկած օրերը նա գնացել էր քաղաք։ Ստիպված էի իմ տեղեկությունները հավաքել գյուղացիներից և, գլխավորապես, մեր հյուրընկալից։

Մի առավոտ, երբ այս սիզավետ սարահարթի վրա զբոսնում էինք, մայրս սքանչանալով և կարծես մարգարեանալով բացականչեց․— «Երանի՜ նրան, ով այստեղ ապրում, այստեղ մեռնում և այս գեղեցիկ տեսարանների մեջ թաղվում է…»։

Օգուտ քաղելով դեպքից, ես իսկույն հարեցի.

— Մ այրի՛կ, արի՛ հեռանանք քաղաքից և գանք այստեղ հաստատենք մեր բնակությունը։ Իրավ, էլ ի՞նչ ունենք մենք այն խառնիճաղանջ մարդկանց բազմության մեջ։ Հեռանանք բոլորից, ապրենք այս գեղեցիկ լեռներում, այս պարզ ու բարի գյուղացիների մեջ։

— Է՛հ, որդի, մի՞թե կարելի է,— պատասխանեց մայրս հառաչելով.— այնտեղ տուն ունինք, տեղ ունինք և վերջապես ի՞նչպես կարող ենք քո հոր գերեզմանը թողնել…— այս խոսքի վրա սկսավ արտասվել։

Ես մխիթարեցի նրան և այնուհետև այլևս այդ հարցին չվերադարձա։ Բայց իմ մտքում արդեն որոշել էի հաստատապես, թե այս գյուղը պիտի լինի իմ ապագա գործունեության միջավայրը։

Երբ մեր ճանապարհորդության շրջանը լրացավ, վերադարձանք քաղաք, արդարև հոգվով ու մարմնով բավական կազդուրված։

Այնուհետև, ես շարունակ զբաղված էի իմ ծրագրով և մտքումս գրել էի, որ մի որոշ ժամանակ անցնելուց հետո, երբ մորս սիրտը բավական կամրանար, առնեի նրան և վերադառնայի ընտրածս գյուղը։