Այս էջը հաստատված է

Սակայն ճակատագիրը ուրիշ կերպ տնօրինեց իմ վիճակը։ Քաղաք վերադառնալուց հետո՝ հազիվ անցան մի քանի ամիսներ և ահա կրկին ամուսնական առաջարկությունները նորոգվեցան։ Մայրս տարօրինակ թախանձանքով սկսավ ստիպել ինձ՝ ընդունել այդ առաջարկություններից մինը, որն էլ ես կցանկանայի, որովհետև ինքը բոլորն էլ հարմար և արժանավոր էր տեսնում։

— Հայրդ չկա, ուրիշ մեկը չունինք, որ մեր փակ դուռը բանա, թո՛ղ գոնե փեսա ունենալու ուրախությունը, մեռնելուցս առաջ, մի քանի օր վայելեմ,— ասում էր նա և խնդրում, աղերսում ու արտասուքն աղբյուրի պես աչքերից հոսում։

Ես լսում ու տեսնում էի այդ բոլորը, սիրտս ճմլվում էր, որովհետև մորս սիրում էի, ուստի և ցանկանում նրա կամքը կատարել։ Բայց իմ ուխտին ու երդմանը նույնպես չէի կարող դրժել։ Մնում էր ինձ բացեիբաց մորս խնդիրը մերժել, որովհետև այդ ավելի հեշտ էր, քան ուխտից դառնալը։ Ավելի ծանր ազդեցություն արին մորս վրա իմ նպատակի մասին արածս հայտնությունները։

— Վա՜յ ինձ, ուրեմն դու միանձնուհի պիտի լինիս,— ասում էր նա լալով,— մի՞թե նրա համար պահեցի, պաշտեցի քեզ, նրա՞ համար այդ հասակին հասցրի, որ դու սևագլուխների վանքը մտնես…— Խեղճ կինը չէր հասկանում իմ իսկական նպատակը, թեպետև ես բացատրում ու աշխատում էի հասկացնել։ Նա տեսել էր վանքի մեջ փակված միանձնուհիներ, լսել էր շատ բան նրանց կրած հոգեկան զրկանքների մասին, զրկանքներ, որ նրանք չեն կամենում քաղցրացնել մի ուրիշ, հոգեկան բարձր զվարճությամբ, այդ պատճառով էլ շարունակ իմ սև օրն ու սև բախտն էր լալիս։

Ամուսնու կորուստի վրա մայրս արդեն անմխիթար էր, իմ այս անդարձ վճիռն էլ վերջին հարվածը տվավ։ Նա օրըստօրե սկսավ մաշվել, տխուր մտածմունքներն ուժաթափ արին նրան, և մի քանի ամիս շարունակ նա ծառայեց անկողնին։ Ես պարզ տեսնում էի թե ինչպես մայրս հետզհետե նվաղում, մոտենում է գերեզմանին, սիրտս կսկծում