Այս էջը հաստատված է

մի փոքրիկ մասը զոհել։ Նրանք կամենում են հեղինակություններ ճանաչվել գյուղում, նույնը ցանկանում է և քահանան։ Երկուսի շահերն ընդհարվում են միմյանց, և այդ ընդհարման ժամանակ գործը վնասվում է։ Բայց այդպես չպետք է լինի։ Մեր վարժապետները, քանի որ ստիպված են գործել գյուղերում ոչ ավելի լավ, քան ինչ որ ունենք քահանաների հետ, պարտավոր են ի սեր գործի հաջողության՝ զոհել իրենց ինքնասիրությունը, նույնիսկ, ազնիվ փառասիրությունը։ Թող գործի հեղինակ համարվի քահանան, թող նա վայելե հաջողության փառքը, նա՛ լինի դարձյալ գյուղի առաջին հարգելին, միայն թե գործը հառաջադիմե։ Հակառակելով քահանային և աշխատելով ձգել նրա վարկը ժողովրդի աչքում, դրանով ո՛չ միայն դպրոցական գործի հաջողությանն ենք վնասում, այլև գործում աններելի հանցանք, սառեցնելով գյուղացու կրոնական ջերմեռանդությունը, որն և պատճառ է դառնում նրա բարոյականի քայքայման. իսկ երբ տգետ գյուղացու մեջ մեռնում է բարոյականը, այնուհետև նա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդակերպ մի հրեշ, որի խոսքերը զզվանք և գործերը սարսափ են բերում մարդու վրա։

Որպեսզի տեր-Հովսեփն իմ դիտավորության մեջ յուր սկսած գործի խափանումը չնկատեր, ես նրան հանձնեցի ուսումնարանն ընդարձակելու հոգսը։ Հարկ չկա ասել, որ կարևոր խորհուրդներն ու հրահանգները ես էի տալիս, իսկ ժողովրդի առաջ միայն ինքն էր երևում։

Մեր ժամականավոր ուսումնարանը քահանայի ընդարձակ ներքնատան մեջ էր, ուր ձմեռը կրակ էր վառվում նույն նահապետական օջախում և ծուխը բարձրանում նույն վաղեմի երդիկով։ Բայց նորությունն զգալի էր աշակերտների թվի մեջ, որ տասնևհնգից հասել էր յոթանասունի, տեսակի մեջ՝ ըստ որում տղերանց հետ միասին սովորում էին և՛, աղջիկներ, նույնպես դասավանդության եղանակի և առարկաների մեջ, որոնց մեծ մասը ես էի ավանդում։

Առաջիկա գարնան, ահա՛, այս ուսումնարանի շինության հիմը դրինք, որն և գրեթե նույն տարվա մեջ ավարտվեց։ Ճշմարիտ է, գլխավոր և կշիռ ունեցող ծախսը ես արի,