Այս էջը հաստատված է

Ունինք նաև մի փոքրիկ «փոխատու գանձարան», որի հիմնական դրամագլուխը ինքս եմ հոգացել, դարձնելով այն գյուղական հասարակության սեփականություն։ Այդ գանձարանից, ահա, հավասարապես օգուտ են քաղում թե՛ այս և թե՛ շրջակա գյուղերի բնակիչները իրենց կարոտության ժամանակ, կարողը մի թեթև տոկոս վճարելով, իսկ աղքատը՝ առանց տոկոսի փոխ առնելով։ Այս փոքրիկ և ըստ էության աննշան հաստատությունը, որի նմանը հարյուրներով կարող են հիմնել մեր հարուստները գյուղերում, բացի գյուղացու կարիքը ժամանակին լցնելուց և նրա աշխատող ձեռքերին ազատություն տալուց, փրկում է նրան, նաև, վաշխառուների ճանկերից։ Վերջինները վաղուց է, ինչ հալածական են այս կողմերից։

Այս ամենը կատարելու հետ միասին, զգալի էր լինում միշտ մի կարիք, որ չցուցանելու համար, դժբախտաբար, ես բավական պատրաստություն չունեի. այն է՝ սովորեցնել գյուղացուն յուր աշխատությունից առավել շահավոր եղանակով օգտվելու ճանապարհը։

Այդ նպատակին մասամբ հասնելու համար՝ ես բերել տվի գյուղատնտեսական գրքեր, երկրագործության, անասնապահության, հավաբուծության, մեղվապահության և կաթնային տնտեսության վերաբերյալ և շարունակ կարդալով ու ուսումնասիրելով նրանց, սկսա գործադրության հարմար եղածները սովորեցնել գյուղացիներին։ Այդ նպատակով ես ձմեռ ժամանակ, դասից ազատ միջոցներին, հրավիրում էի գյուղացիներին ուսումնարանի դահլիճը և գրքերից ուսածներս պատմում և հասկացնում նրանց։ Հավաքում էի հաճախ և գեղջկուհիներին և տնային տնտեսության վերաբերյալ հասկանալի դասեր խոսում նրանց։ Այս նորությունները բոլորին էլ հավասարապես ուրախություն և գոհություն էին պատճառում։

Շատ անգամ անձամբ ներկա էի լինում տանը՝ գեղջկուհու և հանդում՝ գյուղացու արած փորձերին. նրանց չհասկացածները ես նորեն կրկնում, նորեն բացատրում էի և երբ փորձերից մինն անհաջող էր անցնում, քաջալերում,