Այս էջը հաստատված է

և վստահ էին իրենց հառաջադիմության նկատմամբ ունեցածս սիրո վրա։ Այնուհետև ես ոչ թե խնդրում, այլ պատվիրում էի, և իմ պատվերները կատարում էին ճշտությամբ։

Ով որ կոչված է գյուղում գործելու, նա պետք է իմանա, որ գործ ունի քմահաճ մի երեխայի հետ։ Ինչպես որ հոգատար դաստիարակը համբերությամբ և առանց հուզվելու տանում է երեխայի քմահաճությունները, չհրաժարվելով սակայն շարունակ նրան ուղղելու անհրաժեշտ միջոցներից և նրա ընդունակության չափով, նրան բարին ու ազնիվը ներշնչելու պարտավորությունից, այդպես էլ պիտի վարվի գյուղի մեջ գործողը։ Նա չպետք է նույնիսկ ինքնասիրություն ունենա կամ հուզվի ու վրդովվի, եթե այդ ինքնասիրությունը կոպտությամբ վիրավորեն։ Նա ավելի առաքյալի, քան հասարակ գործողի դեր պիտի կատարե։ Գյուղում հնձելու ոչինչ չկա. դա մի խորդացած, խոպանապած երկիր է. պետք է հերկել, արորադրել այն. պետք է մշակել, պարարտացնել հողը և ապա թե սերմ անել։ Այդքանն է միայն մեր ժամանակի մշակների գործը։ Իսկ այդ գործի ազնիվ պտղաբերության հունձը ուրիշ և ավելի բախտավոր ժամանակի մշակներ կանեն, օրհնելով, անշուշտ, այն անձնվեր նախորդներին, որոնք հմտությամբ մշակեցին երկիրը և «սերմանեցին զսերմն բարի…»։

— Որովհետև արգելքների մասին է խոսքը,— շարունակեց քույր-Աննան,— ես կարծում եմ, դրանց թվում պետք է դասել և ա՛յն արգելքները, որոնք երբեմն հասնում էին ինձ ո՛չ թե արտաքուստ, այսինքն դիմացի մարդկանցից, այլ նույնիսկ ինձանից։ Կարո՞ղ եք այդպիսի արգելքներ երևակայել։

— Չգիտեմ, չեմ հասկանում ձեր խոսքը,— պատասխանեցի ես։

— Այո`, այդպիսի արգելքներ գոյություն ունեին և կարողանում էին երբեմն խանգարել ինձ,— շարունակեց նա։ — Մի՞թե կարծում եք, թե հնարավոր է ապրել աշխարհում մոտ քսան տարի, սովորել կյանքի հրապույրներին, ի վերջո` ջերմագին սիրել — և այս ամենը միանգամից մոռանալ…