Այս էջը հաստատված է
«Սեպտեմբեր 15, X. քաղաք:

Երեք ամիս շարունակ մնացի Ն. գյուղում և անցուցի այդտեղ ամենաքաղցր և հիշատակի արժանի օրեր։ Բացի մենավոր և որսորդական զբոսանքներս, որոնք հարուստ բնության ծոցում լինելուն համար մեծ հաճույք էին պատճառում ինձ, ես բախտավոր էի նաև նրանով, որ շարունակ վայելում էի քույր֊Աննայի սիրելի և անզուգական ընկերակցությունը։ Թեպետ ես արդեն դադարել էի նրա գեղեցիկ ստեղծվածներով հիանալուց, ըստ որում նրանց պատահում էի գրեթե ամեն քայլափոխում, այսուամենայնիվ, դեռ նրա զրույցներն ու կարծիքները լսելու ծարավ էի։ Այս պատճառով կցանկայի երկար ապրել այդ գյուղում և երկար վայելել ազնիվ կույսի ընկերակցությունը։ Դժբախտաբար օգոստոսը վերջանում էր, և ես պետք է վերադառնայի քաղաք, որովհետև անձնական գործերս չէին ներում ավելի ուշանալ։ Գրեթե այս միակ պատճառով իմ հյուրընկալ տեր֊Հովսեփը, ցանկանալով արտաքո կարգի մի պատիվ անել ինձ, որոշեց յուր որդու Հակոբի հարսանիքը իմ ներկայությամբ կատարել:

— Գյուղացիներս, առհասարակ, ձմեռն ենք ազատ, — ասաց նա ինձ մի օր,— և մեր հարսանիքները, գլխավորապես, այդ ժամանակն ենք անում։ Բայց որովհետև ցանկանում եմ, որ դուք իմ որդու հարսանիքը տեսնեք, այդ պատճառով որոշեցի այս ամսում կատարել:

Ես, իհարկե, շնորհակալություն արի տեր-հորը` ինձ արած պատվի համար, որից չէի կարող հրաժարվել, եթե մինչև իսկ կամենայի, որովհետև դրանով վիրավորած կլինեի քահանային։ Այդ հարսանիքը տեղի ունեցավ։ Հակոբի հյուրերի հետ, որոնք բաղկացած էին գյուղի երիտասարդներից, ես էլ գնացի մոտակա շենը, ուսկից և բերինք նրա նորատի և գեղեցիկ հարսնացուն։ Գեղեցիկ եմ ասում նրա համար, որ ճանապարհին հաջողվեց ինձ մի վայրկյան տեսնել նրա երեսը, որ ծածկված էր թանձր, կարմիր քողով։ Հարսանիքը, հակառակ իմ սպասածին, կատարվեց շատ պարզ և անպաճույճ ձևով։ Ուրիշ գյուղերում տեսել էի,