Այս էջը հաստատված է

նույնիսկ քահանային քարոզել տվի եկեղեցում, որից հետո գյուղացիներն իրենք արդեն եկան և մեր ներկայությամբ համախոսական ստորագրելով` որոշեցին վերացնեն իրենց միջից ամեն ավելորդ ծախք, որը սովորություն ունեին նրանք անելու թե՛ ուրախության և թե՛ տրտմության ժամանակ։ Հակառակ վարվողը տուգանք պիտի վճարեր գյուղական գանձարանին։ Այդպիսի տուգանք, իհարկե, դեռ մինչև այսօր չէ մտել մեր գանձարանը, որ ապացուցանում է թե՝ գյուղացին ինքը շատ գոհ է այդ որոշումից։ Այստեղից օրինակ են վերցրել և հարևան գյուղերը. հույս ունեմ թե՝ ուրիշ հեռու տեղեր էլ կհետևեն այս բարի սովորության։

Կարո՞ղ էի միթե չհամակերպվել քույր-Աննայի այս մտքերին, որոնք, որքան էլ պարզ և հասարակ երևային, այսուամենայնիվ, ամփոփում էին իրենց մեջ գյուղական ընտանիքի հաստատության պայմանները։

Հակոբի հարսանիքից մի քանի օր հետո քույր֊Աննան հայտնեց ինձ որոշ նորություն, այն է թե` շուտով պիտի կատարել տա յուր ձեռնասուն վարժուհու և վարժապետի պսակը:

— Եթե տեր֊հայրը յուր որդու հարսանիքով կամեցավ պատվել ձեզ, ես էլ իմ որդեգիրների հարսանիքով կպատվեմ,— ասաց քույր-Աննան ժպտալով։— Կցանկանայի նաև, որ դուք լինեիք նրանց խաչեղբայրը. այդ մեծ ուրախություն կպատճառեր իմ որդեգիրներին. բայց գյուղական սրբագործված սովորության դեմ չպետք է մեղանչել։ նրանց ծնողներն արդեն ունին իրենց հին կնքահայրը, որի ընտանիքի անդամները, նույնիսկ որդուց որդի, պիտի կատարեն այդ պաշտոնը փոխադարձաբար։ Մենք ուրեմն չէինք խառնվիլ նրանց իրավունքներին։ Դո՛ւք կլինիք հարսեղբայր։

Ես ուրախությամբ ընդունեցի քույր-Աննայի առաջարկությունը և հարցրի թե՝ արդյոք վաղո՞ւց են նրանք նշանված։

— Նրանք վաղուց սիրում էին միմյանց,— պատասխանեց քույր-Աննան ժպտալով.— այդ ես նկատեցի դեռ մի քանի տարի սրանից առաջ, երբ նրանք տակավին ուսանում