Այս էջը հաստատված է

համար, զգալի էր իմ հեռանալը։ Վերջինս, մինչև անգամ, ցավում էր, որ սովորել է իմ ընկերակցության։

— Գոնե չգտնեի ձեր մեջ իմ գաղափարների ու համոզմանց համակիր մեկը, այն ժամանակ ավելի հեշտ կլիներ մոռանալ ձեզ,— ասում էր նա պարզությամբ,— բայց բախտի բերմունքով գուք էլ նույն դավանությունն ունիք մեր ճակատագրի մասին ինչ որ ես, այդ պատճառով ձեր բաժանումը` իբր իմ մխիթարության զրկանք եմ նկատում։

Քույր֊Աննայի խոստովանությունն անկեղծ էր, սակայն ես պիտի խոնարհեի հարկի առաջ։ Սեպտեմբերի 2-ին, կյուրակե առավոտ գնացի նրան իմ հրաժեշտի ողջույնը տալու։

— Ես հեռանում եմ այստեղից, բայց տանում եմ ինձ հետ ամենաթանկագին հիշատակներ` ձեր բարեկամության ու գործերի,— ասացի նրան։— Եթե բախտը հաջողե` ես կրկին կվերադառնամ այստեղ վայելելու համար բնության և ձեր ձեռքով այս գյուղում պատրաստված բարիքները, որոնք մեծագնի էին ինձ, մանավանդ, ձեր անզուգական բարեկամությամբ համեմված լինելուն համար։ Իսկ եթե անկարող լինիմ այդ փափագին հասնել, այն ժամանակ կմխիթարվիմ գեթ այն քաղցր մտածությամբ թե` մի անգամ, գոնե, վայելեցի ես այդ բոլորը։

— Բարի ճանապարհ,— ասաց քույր-Աննան,— աշխատեցեք ձեր խոստումը կատարել, իսկ եթե չկարողանաք, գոնե մի՛ մոռանաք մեզ։ Աշխատեցեք երբեմն-երբեմն նամակ գրել ինձ և տեղեկություն տալ այն ամենի մասին, ինչ որ գիտեք թե` պիտի հետաքրքրե ինձ և ինչ որ լրագրում անկարող եմ կարդալ։ Ի վերջո կատարեցեք իմ մի խնդիրը` ոչ մի տեղ և ոչ ոքի մոտ մի խոսեք իմ մասին և մի հիշեք իմ գործերից ոչինչ։

— Ինչո՞ւ,— զարմացմամբ հարցրի ես,— չէ որ բարի գործերը արժանի են ամեն տեղ գովությամբ հռչակվելու և դա ավելի օգուտ, քան չարիք կարող է բերել գործին։

— Ոչ, ես չեմ կամենում, որ իմ գոյությունը հայտնի լինի աշխարհին. անհայտության մեջ ապրել, անհայտության