Այս էջը հաստատված է

Օրիորդը դարձյալ լուռ էր։

— Ուրեմն թող հուսամ, որ դուք գոնե ինձ լսում եք,— քաղցրությամբ կրկին շարունակեց երիտասարդը,— ես ձեզ անկեղծությամբ խոստովանեցի բոլորը, ինչ որ զգում էի. այժմ մնում է ինձ ասել միայն մի երկու խոսք։ Սիրելով ձեզ, օրիորդ, ես չեմ բավականանում միայն այս դատարկ խոստովանությամբ, ես միևնույն ժամանակ խնդրում եմ ձեր ձեոքը և սիրտը և դրանց փոխարեն տալիս եմ ձեզ իմ իշխանական անունը և պատիվը, և դնում եմ ձեր ոտքերի մոտ իմ բոլոր կարողությունը, հարստությունը, կալվածները և հազարավոր հպատակները։ Կառավարեցեք նրանց ինչպես գիտեք, ինչպես կամենում եք, միայն թե այդ բոլորի փոխարեն տվեք ինձ ձեր սերը։

Օրիորդը այս անգամ բարձրացրեց յուր աչքերը, և քաղցրությամբ նայեց իշխանի վերա։

—Դուք խոստանում եք ինձ այդ սերն, այնպես չէ՞,— ջերմությամբ հարցրեց երիտասարդը։

—Գնացե՛ք. դուք շատ ուշացաք. իմ մայրը կարող է կասկածել,— հանդարտ ձայնով խոսեց օրիորդը և պարզեց յուր ձեռքը դեպի նրան։

—Գնա՜լ, բայց առանց ձեզանից մի խոստովանության խոսք լսելո՜ւ,— բացականչեց երիտասարդը տենդային հուզմամբ օրիորդի ձեռքը բռնելով։

—Գնացե՛ք, աղաչում եմ. ձեր բոլոր խոսածները ես հանդարտ սրտով լսեցի և այս բավական է. գնացե՛ք…

Երիտասարդը հասկացավ օրիորդի միտքը, և ավելի չդիմադրեց. նա ջերմությամբ համբուրեց նրա ձեռքը և շտապավ դուրս գնաց սենյակից:

Մի քանի րոպեից ետ Ամալիան կրկին ձեռքն առավ նոտաները և հանդարտ սրտով նստեց դաշնամուրի առաջ։

Իշխանուհի Դարիան յուր աղջկանը գտավ բնական դրության մեջ։