Այս էջը հաստատված է

Անցան մի քանի ամիսներ։ Ես ոչ մի նամակ չգրեցի իմ բարեկամուհուն, ոչ էլ նրանից ստացա։ Սակայն մի օր ինքս ինձ մտածեցի. «Սա արդեն անքաղաքավարություն է։ Գոնե մի քանի տող գրությամբ նրա առողջությունից հարցնեմ, խեղճ կինը առանց այն էլ ճնշված է վշտերի տակ, հետևապես և կարոտ վշտակցության…»։

Եվ իսկույն էլ նստելով՝ ո՛չ թե մի քանի տող, այլ շատ երկար մի նամակ գրեցի քույր-Աննային՝ աշխատելով կարելվույն չափ սփոփել նրա սիրտը կամ գեթ ապագայի հուսով պարարել։

Որքա՜ն մեծ եղավ իմ զարմանքն ու ապշությունը, երբ երկու շաբաթից հետո, փակած ետ ստացա իմ նամակը, Պետրոս վարժապետի հետևյալ գրության հետ.

«Հարգելի բարեկամ.

«Վշտահար սրտով վերադարձնում եմ Ձեզ այն նամակը, որ ուղղել էիք իմ սիրեցյալ ուսուցչուհուն։ Նա այլևս չկա… Մի ամիս առաջ փոխվեցավ երկինք, թողնելով մեզ անմխիթար սուգի մեջ… Ներեցեք, որ ինձ է վիճակվել այս տխուր նորությունը Ձեզ հաղորդելու։

Հաճեցեք ընդունել խորին հարգանքը
Ձեր նվաստ ծաոա Պետրոս Կովիկյանի»։

Ահա մի անսպաս հարված էլ: Մի՞թե քույր-Աննան մեռավ, մի՞թե արդարև այն մեծ, այն հոյակապ կինը այլև չէ ապրում աշխարհում… Ես չէի կարողանում հավատալ, չէի կամենում, որ դա ճշմարտություն լիներ… Բայց ավա՜ղ, վարժապետի գուժաբեր նամակը կատակի համար չէր գրված։

Սակայն ի՞նչն արդյոք սպանեց նրան, մի դաժան հիվանդությո՞ւն, թե՞ յուր հայտնի վիշտը, չգիտեի, վարժապետն այդ մասին ոչինչ չէր հիշել։

Այսպես թե այնպես այդ գույժն իմ սրտին կսկիծ պատճառեց: Քույր-Աննայի մեռնելով մենք կորցնում էինք մինն այն գերազանց ուժերից, որոնք ծնունդ էին առել վաթսունական թվականներին, որոնց սակայն արժանավոր հետևողներ