Այս էջը հաստատված է

էր գլխացավից, իսկ երեկոյան դողացրեց, ապա սաստիկ ջերմ ուներ և ամբողջ գիշերը, ինչպես Մանիշակն էր ասում, այրվել էր տաքությունից։

«Հետևյալ առավոտ քույրիկի դրությունն ավելի վատթարացավ։ Թիկունքում, կրծքում ու կողերում ցավեր էր զգում, շնչառությունը ծանրացել էր, իսկ երեկոյան, ջերմի սաստկությունից մինչև անգամ զառանցում էր։ Այդ ամենի վրա ավելացավ նաև հազը, որ գնալով սաստկանում և քունն ու հանգստությունը խանգարում էր։ Չնայելով որ տեր-հոր և տանուտերի խնդիրը մերժեց, թույլ չտալով բժիշկ հրավիրել քաղաքից, այսուամենայնիվ մորս աղաչանքը լսեց և թույլ տվավ, որ գյուղի վարսավիրն արյուն առնե թիկունքից։ Վերջինի ասելով քույրիկը թոքերի բորբոքումն ուներ և այդ միջոցը կարող էր նրան օգնել։ Արդարև, արյուն առնելուց հետո կրծքի ու թիկունքի ցավերը հանդարտվեցան և շնչառությունը թեթևացավ։ Այնուհետև գործադրեցինք մի քանի տնային միջոցներ էլ՝ գլխացավի ու ջերմի դեմ, որով մի քանի օրից հիվանդությունը մեղմացավ։ Բայց ինքը, կարծես, չէր կամենում առողջանալ և խույս էր տալիս օգտավետ միջոցների գործադրությունից: Նույնիսկ բավական չափով կերակուր չէր ընդունում, որից հետզհետե մաշվում ու թուլանում էր։ Այդ էր պատճառը. որ չնայելով մեր անընդհատ հոգացության, նա, այսուամենայնիվ, անկողնից չելավ և դրսում չերևաց։ Գրեթե մեզանից զատ էլ ուրիշ ոչ ոքի չէր ուզում տեսնել. խոսում էր շատ քիչ և այն՝ միայն Մանիշակի հետ, իսկ երբեմն անկողնում գրում էր ինչ որ բան։ Ախորժակը հետզհետե փակվում էր և վերջին օրերում, համարյա, ոչինչ չճաշակեց։ Իսկ բժշկական օգնությունը, ինչպես տեր-հայրն էլ ասաց, նա բացեիբաց մերժել էր։

Հոկտեմբերի վերջին,— նորեն սկսավ խոսել տեր-հայրը,— նա կանչեց յուր մոտ ինձ, տանուտերին և գյուղի մի քանի նշանավոր մարդկանց և ասաց. «Զգում եմ, որ վախճանս մոտեցել է. ես հեռանում եմ ձեզանից, բայց իմ սիրած գործերը, որոնց արդեն կտակած եմ և իմ մնացորդ կարողությունը, թողնում եմ ձեզ։ Իմ ուսումնարանը, իմ սիրելի