որին ոգևորությունը թևեր է տալիս, իսկ հուսախարությունը զրկում մինչև անգամ կանգուն մնալու կարողությունից… չգիտեմ: Ինձ համար միայն կարող եմ ասել թե՝ փորձության այս հարվածին դիմադրել չկարողացա, տխուր հայտնության առաջին վայրկյաններն իսկ բավական եղան ինձ ընկճելու և վհատեցնելու։ Եվ դրա պատճառը, ինչպես երեկ էլ ասացի, համարում եմ այն, որ իմ մեջ տակավին ապրում է կինը, զգացմունքների և թուլության այն մարմնացումը որ կրում է մի սիրտ՝ բոլորովին աննման տղամարդու սրտին… Թեպետ իմ անցուցած սահմանափակ կյանքը իրավունք չի տալ ինձ զատել այս դեպքում կենցաղագետի հավակնությամբ, այսուամենայնիվ, հիմնվելով ա՛յն ծանոթությունների վրա, որ այսքան տարիներ ունեցել եմ մարդկանց հետ, և, մանավանդ, այն ծանր փորձերի որոնց իբրև կին ենթարկվել եմ անձամբ, կարող եմ պնդել թե՝ տղամարդը անհատական կյանքով ապրելու համար օժտված է ավելի զորեղ կամքով ու կորովով, քան կինը, հետևապես վերջինս իզուր է աշխատում մրցել նրա հետ այդ ասպարեզում։ Տղամարդը, այո, կարող է ապրել միայնակ և ինքն յուր մեջ կենտրոնացած՝ նվիրվել յուր սրտի մեծադրած շահերին (լինին դրանք անձնակա՛ն, հասարակակա՛ն, թե՛ գաղափարական) և այդ նվիրման մեջ յուր սրտի հանգիստն ու գոհությունը գտնեք։ Հանդիպե՞ց նա մի գործում անհաջողության, կփորձե երկրորդր, երրորդը և սակայն հուսահատությունը չի ընկճիլ նրան։ Մինչդեռ կինն այդպես չէ. նա ծնվել է ոչ թե ուժերի դեմ մաքառելու, այլ նրանց պաշտպանությունը վայելելու, ոչ թե կռվելու կամ հալածվելու, այլ սիրելու և սիրվելու համար, ուստի նա լա՛վ է ապրում և լավապես գործում միայն ա՛յն ժամանակ, երբ սերն ու գգվանքը սնունդ են տալիս նրա սրտին և խրախուսում նրա ճիգն ու աշխատանք։ Այդպիսի ժամանակ կինը ընդունակ է նույնիսկ մոռանալ իրեն և նվիրվել բոլորովին սիրած անձի էությանը, նրա մտքերին ու գաղափարներին, նրա մեծադրած շահերին, նրա անվանն ու փառքին… կինը հաճախ ավելի սիրով, դառնում է մի հյուլե կամ ամենաշատը՝ լուսո մի շառավիղ՝ այդ փառքի
Էջ:Muratsan, vol. 2.djvu/460
Այս էջը հաստատված է