Այս էջը հաստատված է

միակ հանցանքը ինձ սիրելն է. թող սիրե՝ ով կամենում է. սիրեն՝ որքան ցանկանում են։

-Թույլ կտա՞ք ուրեմն, որ բոլոր մարդիկ սիրեն ձեզ,- զարմացմամբ հարցրեց Մաշտոցյանը և յուր նախանձոտ աչքերը հառեց օրիորդի վերա։

-Զարմանալի հարց,- ծիծաղելով պատասխանեց օրիորդը,- կարելի էր միայն թույլ չտալ, որ մարդիկ ատեն ինձ, ապա թե չէ սիրելուն ի՞նչ կա, նրանց սիրելը հոգ չէ ապացուցանում, թե ես էլ նրանց եմ սիրում։

-Հասկանում եմ, ուրեմն դուք ընդհանրապես բարեկամական սիրո մասին եք խոսում։

-Մի՞թե թշնամական սեր էլ կա աշխարհում։

-Թշնամական սեր չկա, բայց կա մի սեր, որ հասարակ բարեկամական չէ. այդ սերը մինչև անգամ մարդկային էլ չէ. նա աստվածային է…

Բայց ո՞ւմ են սիրում այդ աստվածային սիրով։

-Նրան, ով արժանի է այդ սիրուն։

-Օրինակի համար, ցույց տվեք ինձ մի այդպիսի անձնավորություն։

-Իշխանուհի Ամալիան, մահկանացուների մեջ գեղեցկագույնը…

-Կա՞ն, ուրեմն, այնպիսի մարդիկ, որոնք այդ աստվածային սիրով սիրում են նրան,- ծիծաղելով հարցրեց օրիորդը։

-Չգիտեմ կա՞ն, թե ոչ, բայց գիտեմ, որ կա՛ մեկը, որ սիրում է և որ պատրաստ է ամեն ինչ զոհելու միմիայն նրա փոխադարձ սիրոյն արժանանալու համար։

-Հետաքրքիր է տեսնել այդ մարդուն,- հեգնական ժպիտով պատասխանեց օրիորդը։

-Այդ մարդը ձեր առջևն է, օրիորդ,- ջերմեռանդությամբ պատասխանեց երիտասարդը։

Ամալիան աշխատեց շառագունել, բայց այդ չհաջողվեց նրան. վերջապես նա յուր գեղեցիկ աչքերը խոնարհեց գետին։

-Արդյոք թո՞ւյլ եք տալիս նրան սիրելու ձեզ,- հարցրեց Մաշտոցյանը։