Այս էջը հաստատված է

— Ես ոչ ոքին չեմ արգելում… — ցած ձայնով պատասխանեց օրիորդը։

—Բայց նա կարո՞ղ է հուսալ. որ փոխադարձաբար կսիրվի ձեզանից։

— Չգիտեմ։

— Այդ իրավացի պատասխան է. արդարև դուք այժմյանից իմ այդ հարցին դրական պատասխան տալ չեք կարող, պետք է սպասել գոնե մոտիկ ապագային։ Բայց ես մի ուրիշ առաջարկություն ունեմ, նրան որոշակի պատասխանելը ձեր իրավունքն է…

- Խոսեցեք. ես ձեզ լսում եմ։

— Օրիորդ, նոր չէ, որ ես ճանաչում և սիրում եմ ձեզ:

Երեք տարուց ավելի է, որ ես առաջին անգամ տեսա ձեզ ձեր վարժարանի դռներում. դուք ձեր ընկերուհիների հետ միասին պատրաստվում էիք գնալու ձեզ հյուրասիրող մի իշխանուհու տունը։ Այն ժամանակ դուք նույնչափ գեղեցիկ և հրաշալի էիք, որչափ և այսօր։ Երբ առաջին անգամ տեսա ձեզ գրեթե հափշտակվեցա, մանավանդ երբ դուք ուղղեցիք ինձ ձեր կախարդող հայացքը, եթե շրջապատողներից չվախենայի, այդ րոպեին ես կընկնեի ձեր առաջ և կերկրպագեի ձեզ։ Բայց դուք ձեզ սպասող կառքը հեծաք և ձեր ընկերուհիների հետ միասին հեռացաք։ Ես նույնպես կառքով հետևեցի ձեզ։ Կրկին անգամ մեր հայացքները պատահեցան իրար իշխանուհու տան մուտքի առաջ և այնուհետև էլ ես չտեսա ձեզ… Բայց այդ օրից սկսած ես անդադար մտածում էի ձեզ վերա։ Ո՞վ գիտե, գուցե դուք էլ մի բան հիշում եք իմ այս պատմածներից։

— Գրեթե ոչինչ։

— Հասկանալի է. ուրիշ կերպ լինել չէր կարող։ Բայց այս բոլոր հիշածներս մի նպատակ ունին, օրիորդ, և այդ նպատակի համար ես կամենում եմ ազատորեն խոսել, հավատալով, որ դուք այնքան զարգացած եք, որ կարող եք հասկանալ ինձ և անկեղծորեն պատասխանել իմ առաջարկությանը։

— Խոսեցեք, խնդրեմ, ազատ եք։