Այս էջը հաստատված է

-Իմ խոսքը կարճ է, օրիորդ, ես խնդրում եմ ձեր ձեռքը. կարո՞ղ եք արդյոք չմերժել ինձ այն։

-Իմ ձե՞ռը։

-Այո՛։

-Դուք սիրո՞ւմ եք անկեղծությունը։

-Ինչպես իմ աստծուն։

-Եվ չե՞ք ցավիլ, եթե այդ անկեղծությունը վնասե ձեզ։

-Գուցե կցավիմ, բայց և անտրտունջ կհնազանդվիմ նրան։

-Որովհետև դուք այդքան քաջություն ունիք, հարգելի բարեկամ, ուրեմն ես կարող եմ անկեղծաբար խնդրել ձեզ, որ չվշտանաք. ես մերժում եմ ձեր խնդիրը։

Մաշտոցյանը կարծես շանթահար եղավ. բայց և իսկույն զսպեց յուր այլայլությունը. նա փորձեց մինչև անգամ ժպտալ՝ օրիորդի մերժման ազդեցությունը անզգալի անելու համար, սակայն այդ ջանքը ապարդյուն անցավ, բնությունը մի քանի րոպե հաղթանակեց և նրանք երկուսն էլ սկսան լուռ ու մունջ նայել իրար։

Երբ մի քանի վայրկյան անցավ, երիտասարդը առաջինը ընդհատեց լռությունը։

-Չեմ կարող չխոստովանվել, օրիորդ, որ ձեր մերժումը ինձ մեծ ցավ է պատճառում։ Ես, որ այսքան ժամանակ միայն ձեզ վերա էի մտածում, ձեզ երազռւմ և ձեզ հետ կենակցելու հույսով ուրախանում, այժմ անկարելի է, որ հոգվով չափ չվշտանամ՝ իմ գողտրիկ երազները օդի մեջ ցնդած տեսնելով: Բայց և այնպես, ես հետաքրքրվում եմ իմանալ, թե ինչու՞ համար եք մերժում ինձ։ Եթե դուք ինձ չեք սիրում այժմ, այդ որքան էլ ինձ համար ցավ է, այսուամենայնիվ հարգելի պատճառ չէ իմ խնդիրը մերժելու համար. ես կարծում եմ և հավատացած եմ, որ մի օր դուք կսիրեք ինձ, եթե համաձայնվիք միայն տալ ինձ ձեր ձեռը։ Դուք էլ կարող եք վկայել, որ սերը մի օրվա մեջ չէ ծնունդ առնում և ոչ աճում. ամեն մի անձնանվիրություն զարթուցանում է սեր. իսկ ես կարող եմ արժանի լինել ձեզ կատարյալ անձնվիրությամբ։

-Սե՞րը. իհարկե ոչ, սերը չէ իմ մերժման պատճառը.