Այս էջը հաստատված է

ընդհակառակը, ես հավատացած եմ, որ դուք կարող եք սիրել տալ ձեզ՝ ի՞նչպես և ո՞ւմ որ կամենաք։

-Ուրեմն իմ արտաքին կերպարանքն է ձեզ համար հակակրականը։

-Ամենևին ոչ. դուք գեղեցիկ տղամարդ եք, և ձեր ապագայի ամուսինն իրավմամբ կարող է ձեզնով պարծենալ։

-Ուրեմն իմ հարստությունը ձեզ համար շատ փո՞քր է երևում. և դուք երևի վախենում եք ազնվական տան արժանավայել ապրուստ չունենալ։

-Ընդհակառակը. ինձ ասել են, և ես հավատում եմ, որ ամբողջ Թիֆլիսի մեջ եթե ոչ առաջինը, գոնե երկրորդն եք դուք ձեր հարստությամբ, հետևապես կասկածելու էլ տեղիք չունեմ, թե ձեր ամուսինը կարող է երբևիցե ամենահարուստ ազնվականից պակաս կյանք վարել։

-Աստված իմ, ուրեմն ինչո՞ւմն է իմ պակասությունը, ինչով եմ ես անարժան ձեր սիրուն,- զարմացմամբ բացականչեց երիտասարդը։

-Կամենո՞ւմ եք, որ ես անկեղծ լինեմ։

-Այո՛, աղաչում եմ։

-Դուք վաճառական եք։

-Եվ ա՞յդ է իմ հանցանքը,- հեգնական ժպիտով հարցրեց Մաշտոցյանը։

-Այո՛, և այդ դժբախտաբար բավական մեծ արատ է մի իշխանական տան աղջկա համար։

-Հասկանում եմ. ուրեմն դուք կցանկանայիք, որ ձեր ամուսինն անպատճառ մի հայտնի իշխանազն, կամ գոնե տոհմիկ ազնվական լիներ։

-Այո. բայց ներեցեք, որ ես անկեղծաբար խոսեցի, դուք այնքան զարգացած եք, որ ինձ կհասկանաք։

-Կատարելապես. այդ կողմից միամիտ եղեք։ Բայց և այնպես թույլ տվեք ինձ էլ անկեղծաբար մի քանի խոսք ասելու։

-Շնորհ արեք խնդրեմ. ուրախությամբ կլսեմ ձեզ։

-Մեր իշխանների և ազնվականների մասին շատ սխալ գաղափար ունիք դուք, օրիորդ. այն նշանակությունը, ինչ որ լուսավորյալ ազգերը տալիս են իրենց հին ազնվականությանը