Այս էջը հաստատված է

— անկարելի է մեր ազնվականությանը հատկացնել։ նրանց նախահայրներն արդարև մի օր մեծ մարդիկներ են եղել, դյուցազնական սիրտ և հոյակապ հանճար են ունեցել, հայրենիքի համար ապրել և հայրենիքի համար են մեռել, իրենց մեծ գործերով սերունդներ են ոգևորել և վերջապես որդվոց որդի ճշմարիտ ազնվականության պատկառ մնալով` խորշել են թզուկներ ծնելուց և սնուցանելուց որպեսզի նրանց ապիրատ գործերով տոհմական ընդ նմին և հայրենական արժանապատվությունը չարատավորվի։ Ամբողջ դարեր ազնվականությամբ ապրող մի տոհմի հետ արդարև մեծ փառք է կապել և՛ անուն, և՛ կյանք, և այդ փառքը ձեռք բերելու համար` գովության արժանի է մի կնոջ ջանքը, եթե միայն այդ կինն էլ զգում է յուր մեջ այդ փառավոր տոհմին արժանի լինելու կոչումն։

Բայց մի՞թե միևնույն գովությամբ կարող ենք խոսել և մեր ազնվականներից շատերի վերա, որոնց նախահայրերն այդ կոչումը ձեռք են բերել ոչ թե հայրենիքին մի նշանավոր ծառայություն անելով, այլ շատ անգամ…

— Մեր հայ իշխանազուների մասին, կարծեմ, չեք կարող այդ տեսակ կարծիք հայտնել,— ընդհատեց օրիորդը հանկարծ հայասեր դառնալով (չնայելով, որ այդ առաջին անգամն էր հայության ապավինում)։

— Հայ իշխանազուննե՞ր, ո՞րտեղ են նրանք,— ծիծաղելով հարցրեց Մաշտոցյանը։— Չլինի թե այս Սլկունիները, Ռշտունիները, Արշակունիները և այլ բազմաթիվ շինծու ունիները դուք ճշմարիտ իշխանազուններ եք կարծում և կամ Մելիք-Պողոսյաաններն ու Սողոսյանները ազնվականներ։ Շատ սխալվում եք։ Եթե դուք մի օր մտածած լինեիք հայերեն սովորելու, դուք մեր գրքերից կիմանայիք, որ այդ Սլկունիների, Ռշտունիների, Արշակունիների և այլոց ցեղերը հարյուրավոր տարիներ սրանից առաջ ջնջվել, անհետացել են և նրանց գերեզմաններն անհայտության մեջ կորել են։ Այս նոր Սլկունիներն ու Ռշտունիներր ոչ այլ ինչ են, եթե ոչ` Խոյից, Ջուղայից, Համադանից, Վանից և հայոց երկրի ուրիշ կողմերից շատ տարիներ առաջ Վրաստան գաղթած փինաչիների, ջորեպանների և այլ այս տեսակ մարդկանց սերունդներ: