Նորեկ մարդիկ առհասարակ հանդուգն և ձեռներեց են լինում. և ահա դրանք Վրաստան մտնելով շտապել են մի վկայաթղթով իշխանազուններ հրատարակվիլ… Ինչ մեր Մելիք-Պողոսյաններին ու Սողոսյաններին է վերաբերում, դրանք էլ հայ գյուղերի խեղճ տանուտերերի որդիք են, շատ սակավ բացառությամբ։ Հայոց գյուղերում մի ժամանակ ամեն տանուտեր մելիք էր կոչվում․ չնայելով, որ այդ խեղճ մարդուն մեկն էր լինում նա․ բայց այսօր այդ մարդկանց սնափաո սերունդը ինքն իրեն ազնվական է երազում և չէ սխալվում, որովհետև հավատացողներ կան։ Բայց այն ժամանակվա բնիկները, վաճառականներ լինեին նրանք, թե՛ արհեստավորներ, իհարկե, կարիք չունեին նոր անուն և պատիվ ձեռք բերելու, որովհետև այն ժամանակ նրանք արդեն սեփական անուն և պատիվ ունեին։ Միակ նրանց սխալմունքն այն է եղել, որ չեն մտածել, թե իշխանազուն օրիորդները մի օր կարհամարհեն նրանց թոռներին…
— Վերջապես այս բոլորից հետո, օրիորդ, մի փոքրիկ բացատրություն ևս և մենք հավիտյան կբաժանվենք միմյանցից։ Ձեր պաշտած ազնվականության վերա այնքան խոսելով, ես երբեք միտք չունեի ձեզ համոզելու՝ ընդունել իմ առաջարկությունը. քավ լիցի, ազնվականի ամուսին լինելու ձեր փառամոլ ցանկությունը արդեն բավական էր մի անգամ ընդմիշտ իմ սիրտը ձեզանից սառեցնելու․ ես միայն ցանկացա ծանոթացնել ձեզ այն ոչնչության հետ, որին կուրորեն պաշտում եք դուք։ Իսկ այսուհետև կմնա մեզ ապացուցանել՝ թե մեզանից որն է ճշմարիտ ազնվականը։
Այս ասելով երիտասարդը վերցրեց գդակը և քաղաքավարությամբ գլուխ տալով իշխանուհուն, դուրս գնաց սենյակից։
Թ
— «Օրիորդ Ագապյանը մերժել է յուր ձեռը Արսեն Մաշտոցյանին»։ Այս լուրը շուտով քաղաքի մեջ տարածվելով՝ մեծ խոսակցության և շատ տեղ էլ վիճաբանության առարկա դարձավ։ Կային մարդիկ, որոնք գովում էին իշխանուհի