առաջին պատահած կառքի մեջ և շտապեց դեպի հայրենական տունը, որից նա բացակա էր մի ամբողջ տարի։
Մայր իշխանուհին տխուր և մտախոհ ճեմում էր դահլիճի մեջ` երբ Ամալիան ներս մտավ։ Տեսնելով աղջկանը, նա առաջին անգամ չհավատաց յուր աչքերին և կարծես թե ինքն իրեն երազի մեջ էր զգում։ Բայց լսելով Ամալիայի ձայնը, նա խելագարի նման վազեց դեպի նրան։
- Աստվա'ծ իմ, Ամալիա, մի՞թե այդ դու ես,— բացականչեց նա ուրախությամբ և երկու բազուկները տարածելով ջերմությամբ գրկեց նրան և կաթոգին համբույրներով երեսը ծածկեց։
- Օ՚հ, սիրելի մայրիկ, ես այսպիսի ընդունելություն չէի սպասում քեզանից. ես այնքա՜ն հանցավոր եմ քո առաջ, որ այս քո խանդաղատանքը մեծ շնորհ եմ համարում ինձ համար…- ասաց Ամալիան։
Բայց նա դեռ խոսքը չէր վերջացրել, երբ մայրը հանկարծ ետ քաշվեցավ նրանից, կարծես մի թունավոր օձից խայթված։
- Ի՞նչ պատահեց քեզ, մայր իմ,- զարմացմամբ հարցրեց Ամալիան և մոտեցավ նրան։
- Հեռո՜ւ, Ամալիա, հեռո՜ւ ինձանից. о՛հ ինչպե՜ս հիմարացա ես, աստված իմ. դու իմ աղջիկը չես, Ամալիա, հեռացիր այստեղից. դու արատավորեցիր քո անբիծ անունը, դու կործանեցիր ինձ…
- Բայց, մայր իմ…
- Մի՛ խոսիր, ես չեմ ուզում քեզ լսել, և ոչ քո երեսը տեսնել. ես հիմարացա և գրկեցի քեզ, բայց դու, ապերախտ զավակ, դու արժանի չես քո մոր գգվանքին։
- Օ՜հ, մայր իմ, մայր իմ, ներիր ինձ, ես հանցավոր եմ քո առաջ,- աղաչավոր ձայնով մոտեցավ դեպի նրան Ամալիան և ծունկ չոքեց մոր առաջ։
- Ներել քեզ, և մի՞թե այդ հնարավոր է. ներե՞լ մի աղջկա, որ յուր անառակությամբ անպատվեց հայրենի տան անունը և յուր ծնողի հիշատակը…
- Բայց ես, մայր իմ, նույնչափ գոնե հանցավոր չեմ, որքան կարծում ես դու. ես սիրել եմ մի մարդու, որ ամեն