Այս էջը հաստատված է

«Սիրելի Պլատո՛ն.

Մորս գտի տան մեջ միայնակ. սկզբում նա կատարյալ ուրախրությամբ ընդունեց ինձ, գրկեց և համբուրեց. բայց հետո հիշելով մի քանի բան իմ անցյալից, նա հուզվեց, արտասվեց և հանդիմանեց ինձ։ Բայց այդ անախորժ փոփոխությունը երկար չտևեց. վերջ ի վերջո նա հանդարտվեցավ և ներեց մեզ. մանավանդ նա ուրախ է, որ մենք պիտի ամուսնանք։ Այժմ նա սպասում է յուր սիրելի փեսային, շտապի՛ր, ժամանակը թանկ է։

Քո Ամալիա»:

Վերջացնելով նամակը նա զանգահարեց։

Ծերուկ սպասավորը ներս եկավ, բայց զարմանքից սառեցավ դռան մոտ։

— Հա, ի՞նչ պատահեց քեզ, Բաբո, զարմանո՞ւմ ես, որ ես այստեղ եմ։

— Օ՜հ, տիրուհի, սա մի հրաշք է մի՞թե դուք այստեղ եք…

— Ինչպես տեսնում ես։

— Բայց մի՞թե կարելի է...

— Լավ, բացատրությունը հետո. վերցրու այս նամակը, հասիր շուտով «Կովկաս» հյուրանոցը և տուր իշխան Պլատոնին. նա գտնվում է վեցերորդ համարում։

Սպասավորը կրկնել չտվավ տիրուհու հրամանը և նամակը վերցնելով շտապեց դեպի հյուրանոցը։

Ամալիան վերադարձավ մոր մոտ և սկսեց զբաղեցնել նրան զանազան պատմություններով, աշխատելով որքան կարելի է, մեղմել նրա սրտմտությունը, և նախապատրաստել նրան շատ սիրով Պլատոնին ընդունելու։

Բայց ո՜րքան մեծ եղավ խեղճ Ամալիայի զարմանքն որ երկյուղը, երբ ծառան վերադառնալով հայտնեց, որ իշխան Պլատոնը «Կովկաս» հյուրանոցում չէ գտնվում։

— Երևի ծառան լավ չէ հասկացել իմ պատվերը, կամ սխալ հարցմունք է արել հյուրանոցից,— ասաց Ամալիան մորը,— ավելի լավ է ես կերթամ նրան այստեղ բերելու։