Մայրը չընդդիմացավ և Ամալիան կառքը բերել տալով նստեց և շտապեց հյուրանոցը։
Հասնելով վեցերորդ համարին, նա ամուր֊ամուր բախեց դուռը, բայց ներսից բացող չեղավ։ Շուտով երևեցավ հյուրանոցի ծառան։
— Ո՞ւմն եք կամենում, տիկին,— հարցրեց նա Ամալիային։
— Իշխան Ջոմարջիձեն, մի՞թե նա այստեղ չէ:
— Ոչ, տիկին, նա այսօր դուրս դնաց այստեղից։
— Դո՞ւրս գնաց, ի՞նչ եք ասում. այդ անկարելի է։
— Այո՛, նա դուրս գնաց։
— Բոլորովի՞ն։
— Բոլորովին։
— Բայց նրա իրեղենները երևի այստեղ են։
— Ո՛չ, տիկին։
— Անկարելի է. նա չէր կարող հեռանալ այստեղից։
— Կարող եք ինքներդ համոզվել,— ասաց ծառան և հանելով գրպանից սենյակի բանալին, բացավ դուռը և դատարկ համարը ցույց տվավ թերահավատ տիկնոջը։
Ամալիան անզգայաբար ներս մտավ և աչք ածեց սենյակի չորս կողմը, կարծես աշխատելով գտնել յուր փախստականին մի որևէ անկյունում պահված։ Բայց երբ սենյակի դատարկությունը տեսավ, գլուխը սկսավ պտտիլ, և նա նստեց աթոռներից մեկի վերա:
— Բայց մի՞թե դուք չգիտեք, թե ուր գնաց իշխանը,- կրկին հարցրեց նա ծառային։
— Ո՛չ, տիկին. մենք միայն նրա կառքում նստելը տեսանք։
— Եվ նա ձեզ ոչ մի խոսք չապսպրե՞ց։
— Ոչ մի խոսք։
— Գուցե նա փոխվել է մի ուրիշ հյուրանոց, կամ գնացել է յուր տունը։
— Դարձյալ չգիտեմ։