Այս էջը հաստատված է

քանի օրից ես կաշխատեմ վերադառնալ քաղաք։ Այն ժամանակ, իհարկե, ես կայցելեմ ձեզ, և այն գործի համար հարկ եղածը կխոսենք։

Ձեր խոնարհ ծառա Պլատոն Ջոմարջիձե»:

Վերջացնելով նամակը, նա անզգայաբար ձգեց նրան սեղանի վերա և ինքը նրա առաջ մնաց արձանացած։ Յուր մեծ և սևորակ ալքերը անթարթ նայում էին չարագուժ թերթի վերա և յուր ուղեղը աստիճանաբար ընդարմ անալով՝ կարծես դադարում էր մտածելուց։ Ամալիայի համար այլևս գաղտնիք չէր մնում,որ յուր սիրահարը թողնում էր իրեն. նամակի ոճն ու խոսքերն այդ ճշմարտությունն էին արտահայտում։ Բայց ավա՜ղ, որքա՜ն ծանր է մի կին մարդու համար համոզվիր թե ինքը դժբախտ է արդեն… ինչպես մի ջրամոյն, որ մահը աչքի առաջ տեսնելով, կռվում է ալիքների դեմ, այնպես էլ խեղճ աղջիկը հետզհետե խելաբերելով ոգորում էր յուր զգացմունքների հետ. նա չէր կամենում հավատալ յուր գուշակություններին. նա աշխատում էր չհուսահատվել… «Անկարելի է, որ Պլատոնը այդ աստիճան անազնիվ լինի,— ինքն իրեն երազում էր նա,— ես չեմ կարող հավատալ, թե նա կդավաճանե ինձ, նա՛, որ այնքան շատ էր սիրում ինձ, նա, որ այնքա՜ն զոհաբերություններ արավ ինձ համար»։

Բայց տխուր իրականությունը նրա աչքերի առաջին էր. նա իրավունք չուներ նրան չտեսնելու…

Բացի այդ նա պարտավոր էր գոհացնել յուր մոր ակնկալությունը, բերելով նրա մոտ իշխան Պլատոնին և նրա բերանով ապացուցանել, որ նրանք արդարև պատրաստ են օրինավոր պսակով ամուսնանալու, միայն թե սպասում են մայր իշխանուհու սրտագին օրհնությանը…

Ի՞նչ անե ուրեմն, ի՞նչ պատասխանն սպասող մորը։

Բայց նույնիսկ Ամալիային այսքան մտատանջություն պատճառող Պլատոնի նամակը՝ նրան այդ հոգսերից միառժամանակ ազատվելու էլ պատճառ դարձավ։— «Արի ես խորամանկություն գործ դնեմ,— մտածեց նա ինքն իրեն,—