Այս էջը հաստատված է

որի վերա և ավելացավ իշխանուհու ձայնը, ա՛յն եզրակացության եկավ, որ այդ բանը արդարև լոկ ձևակատարություն է և որ դրանից խեղճ ժողովուրդը դրեթե օգուտ չէ ստանում։

Երբ լրաբեր օրիորդը հեռացավ, Ամալիան շտապեց յուր առանձնարանը և կանչեց այնտեղ ծառային։

— Դու ճանաչո՞ւմ ես «Պարիզ» հյուրանոցը,— հարցրեց նա նրան։

— Ինչպե՞ս չէ, ճանաչում եմ։

— Իսկ իշխան Պլատոն Ջոմարջիձեի՞ն։

— Ա՞յն, որ անցյալ տարի դաս էր տալիս ձեզ։

— Այո։

— Շատ լավ եմ ճանաչում։

— Բարի. ուրեմն կերթաս այդ հյուրանոցը, այնտեղ այսօր խնջույք կա և երևի արդեն վերջանալու վերա է։ Դրսում, կամ այնտեղի ծառաների մոտ կսպասես, երբ մյուս հյուրերի հետ միասին դուրս կգա և իշխան Ջոմարջիձեն, դու կհետևես նրան հեռվից և կտեսնես, թե ո՞ր տունն է մտնում գիշերելու համար։ Եթե ոտով կերթա նա, դուն էլ ոտով կհետևես, իսկ եթե կառք կնստե, դու էլ կառք կնստես, միայն միշտ աշխատելով, որ նա չտեսնե քեզ։ Երբ տուն կհասնեք, դու լավ կդիտես նրա տան թե՛ փողոցը և թե՛ մուտքը և ապա կվերադառնաս։

Այս ասելով նա տվավ ծառային կառքի փող, և վերջինս մի ակնթարթում անհետացավ։

Այնուհետև Ամալիան նստավ յուր առանձնարանում և խորասուզվեցավ տխուր մտածմունքների մեջ։ Նրա մոտիկ անցյալը, որ ամբողջապես կազմված էր երիտասարդական անփորձություններից, և որ այժմ սպառնում է կործանել նրա ապագան, նկարվեցավ յուր առաջ. նա սարսափով նայում էր այդ տխուր պատկերին, որի վերա դրոշմված էին յուր սխալանքները, որոնց այլևս հնար չկար ուղղելու։ Նա հիշում էր այն զվարճությունները, այն սիրահարական արկածները, որոնց նա զոհել էր իր միակ և անզուգական հարստությունը, յուր կուսական անարատ պատիվը…

—«Եթե արդարև նա թողնե ինձ, ի՞նչ պիտի անեմ ես,-