Այս էջը հաստատված է

— Դու այդ ո՞րտեղից գիտես,— զարմացմամբ հարցրեց Ամալիան։

— Ի՞նչպես չէ, ես վաղուց եմ ճանաչում նրան, նա ո՛չ թե միայն ծառա չունի, այլև իր հագուստներն ու կոշիկներն ինքն է սրբում միշտ։

Ամալիան մնաց ապշած, բայց յուր այլայլությունը նա աշխատեց ծածկել։

— Բաբո՛, դու կարծեմ շատ ես սխալվում, ախար չէ՞ որ իշխան Պլատոնը հարստություն ու կալվածներ ունի, ի՞նչպես կարող է ծառա չունենալ, մի՞թե նա այդքան ժլատ է։

— Հարստությո՞ւն. կալվածնե՞ր. ի՞նչ եք ասում, տիրուհի, ո՞վ ասաց ձեզ այդ բաները։ Հիսուն տարի է, որ ես ծառայում եմ ձեզ և հիսուն տարի է, որ ես ճանաչում եմ նրանց։ Նրա հայրը իրավ իշխան էր, մի երկու կալվածներ ուներ, բայց որդին նրանց վաղուց ծախել ու կերել է։ Այս վերջին անգամն էլ նա խաբեց մի կախեթցի իշխանի ու նրանից մի քանի հազար ռուբլի պարտք առնելով գնաց հեռու երկրներ ման եկավ։ Երևի նա այդ փողն էլ է վերջացրել, որ արդեն վերադարձել է այստեղ։ Նա ժլատ չէ, տիրուհի, եթե նա ժլատ լիներ, այժմ հարուստ մարդ կլիներ։

Ամալիան ամբողջ մարմնով դողաց։ Նախազգացո՞ւմն էր այդ, թե՞ դյուրահավանություն, հայտնի չէր. բայց նա հավատաց ծառայի խոսքերին։

— Ո՞րտեղից գիտես դու այդ տեղեկությունները, Բա՛բո,— հարցրեց նա ծառային այնքան նվաղած ձայնով, որ եթե Բաբոն շատ ծերացած չլիներ, կնկատեր իսկույն յուր տիրուհու վրդովմունքը։

— Ծառաները ամեն բան գիտեն, տի՛րուհի. ծառաների հասարակությունը ավելի շատ գաղտնիքներ գիտե, քան թե քաղաքի մեծ կլուբը։

— Ինչո՞ւ ուրեմն այդ բաները նրանց տերերն էլ չգիտեն։

— Պատճառը շատ պարզ է, տիրուհի, որովհետև ծառաներն իրենց տերերի հետ մասլահաթ անելու իրավունք չունին։ — Եթե իշխան Պլատոնն այդպիսի մարդ է, ինչու՞