Այս էջը հաստատված է

— Լավ, գնա։ Բայց առավոտը վաղ զարթի՛ր։ ես քեզ հետ պիտի գնամ այդ տունը։

— Շատ բարի։

— Մորս և ոչ էլ աղախնին ոչինչ չխոսես քեզ պատվիրվածներիս մասին։

— Չեմ համարձակվիլ,— պատասխանեց Բաբոն և դուրս գնաց։

— «Եվ ես հարցնում եմ ծառային, թե դու ո՞րտեղից գիտես այդ տեղեկությունները,— խոսեց ինքն իրեն Ամալիան։ — Ահա՛ մի գաղտնիք, որը չգիտե իմ մայրը, բայց իմ ծառան արդեն գործակցում է նրա մեջ։ Ահա՛ ինչու՞ ընտանեկան գաղտնիքները ծածուկ չեն մնում ծառաների հասարակությունից։ Եվ մենք ողորմելիներս, որ ամուսնական ընտրությունների մեջ համարձակվում ենք սեփական կարծիք ու ձայն ունենալ, շատ անգամ ավելի տգետ ու ավելի անփորձ ենք, քան մեր ծառաներն ու աղախինները։ Եվ մի՞թե կարող է լինել մի դրություն ավելի ստոր և ծաղրական, քան այն, որի մեջ գտնվում ենք մենք։ Այն միջոցին, երբ ես հիացած Պլատոն Ջոմարջիձեի վերա, երազում էի նրա հարստության, նրա կալվածների, նրա հպատակների և նույնիսկ նրա գոյության տիրուհին դառնալ, իմ ծառան արդեն ճանաչում և արհամարհում էր նրան… Եվ դժբախտաբար սա մի կատարյալ ճշմարտություն է»։

Եվ այսպես, թեպետ հպարտ Ամալիան արդեն հիասթափվել ու տխուր ճշտությանը հասու էր եղել, այսուամենայնիվ նա չկարողացավ ետ կանգնել Պլատոն իշխանի հետ տեսնվելու դիտավորությունից։ Որովհետև որքան էլ իրականությունը ճշմարտություն է պարունակում յուր մեջ, այսուամենայնիվ դժբախտացող մարդը սառնասրտությամբ չէ նայում նրա վերա։ Նա միշտ աշխատում է գտնել կամ ստեղծել մի ելք կամ ճանապարհ, նրանից խույս տալու համար։ Ամալիան կարծում էր, որ Բաբոյի հաղորդածները կարող են և սխալ լինել, որ Պլատոնը կարող է մինչև անգամ դեռ մի հարուստ ու պատվավոր մարդ լինել… Վերջապես պետք չէր նրան դատել առանց իրեն էլ լսելու։

Այս մխիթարությամբ նա պառկեց քնելու։