Այս էջը հաստատված է

Առավոտը շատ վաղ արթնացավ Ամալիան։ Նա մտադիր էր ա՜յնպես շուտ գնալ Պլատոնի մոտ և վերադառնալ, որ տան մեջ ոչ ոք չնկատեր նրա առավոտյան բացակայությունը։ Բայց չգիտեր, թե ծառան պատրա՞ստ էր իրեն ընկերակցելու, թե ոչ։ Շտապավ հագնվելով ու լվացվելով նա մոտեցավ յուր տուալետին փոքր ի շատե պչրվելու համար։ Որքան էլ նրա սիրտը տխուր և վիճակը աննախանձելի էր, այսուամենայնիվ գեղեցիկ և գրավիչ երևալու ցանկությունը երբեք չէր նվազում նրա մեջ։ Մանավանդ այդ րոպեին նա ցանկանում էր ավելի գեղեցիկ և ավելի հրապուրիչ լինել յուր սիրահարին կախարդել կարողանալու համար, բայց ինքն իրեն հաշիվ չէր տալիս, թե այսուհետև էլ ինչի՞ն էր հարկավոր յուր սիրոյն և անձնվիրության դավաճան այդ սիրահարը:

Երբ նա դուրս գնաց տան բակը, Բաբոն, արդեն կազմ և պատրաստ յուր տիրուհու հրամանին, մտախոհ ճեմում էր այնտեղ։ Բայց Պլատոնի մոտ գնալու համար դեռ շատ վաղ էր։ Ամալիան ցանկացավ օգուտ քաղել ժամանակից և նախապատրաստվել նրա հետ խոսելու համար։ Այդ նպատակով նա մտավ իրենց փոքրիկ այգին։

Օրը ամառային էր, արևը դեռ չէր ծագել, բայց արևելքը վառվում էր շառագույն լույսով։ Մի քաղցրասիկ զեփյուռ փչում էր այգու մեջ. ճնճղուկները երամով թրթռում էին նրա ծառերի վերա և լցնում օդը իրենց աղմկալից ճռվողյունով: Ամառային առավոտը մի կողմից կազդուրիչ ներգործություն ունեցավ Ամալիայի վերա, իսկ մյուս կողմից տխրեցրեց նրան` հիշեցնելով անցյալի քաղցրությունները, որոնց նա այժմ վայելել չէր կարող։ Պլատոնի հետ խոսելու նախապատրաստությունը մնաց։ Նա հիշեց յուր ծաղկափթիթ մանկությունը, որ անցուցել էր այգ այգվո մեջ, յուր անմեղ կուսական խաղերը այս ծերացած ծառերի տակ, յուր մանկական հրճվանքը այս ճնճղուկների երգերի համար, և վերջապես յուր պատանեկական հասակը` լի ապագայի վարդագույն հույսերով, որոնք ավա՜ղ, այդ րոպեին արդեն կործանված էին…

-«Նույնիսկ մի տարի առաջ որքա՜ն ուրախ, որքան