անհոգ և որքա՞ն բախտավոր ճեմում էի ես այս ծառերի տակ,— մտածում էր նա ինքն իրեն,— ես հարուստ էի իմ հռչակավոր գեղեցկությամբ, իմ իշխանական ծագումով, իմ անբիծ անվամբ, իմ պատվաբեր զարգացմամբ… ինձ համար խոսում էին ամեն տեղ, ինձմով հիանում էին մարդիկ, ինձ պաշտում էին երիտասարդները… Կյանք, սեր և վայելչություն. ամեն տեղ սպասում էին ինձ և միմիայն ինձ… իսկ այսօր, ավաղ, ես կործանված եմ անկանգնելի կերպով, ինձ այլևս ոչինչ չէ մնում, բայց միայն նախատինք և անպատվություն… և ինչու՞ համար այս բոլորը… օ՜հ, Պլատոն, Պլատոն, այդ դո՛ւ ես, դո'ւ միայն սկիզբն և պատճառ իմ դժբախտության, իմ անկման և կործանման…»։ Եվ թշվառ աղջիկը այլևս չկարողացավ շարունակել, նա փաթաթեց գլուխը սև շղարշի մեջ և շտապով դուրս գնաց այգուց։
— Առաջ անցիր, Բաբո, ցույց տուր ինձ այն մարդու բնակարանը,— սրդողած ասաց նրան Ամալիան. —բայց գնա այնպիսի ճանապարհներով, որոնք բազմամարդ չեն լինում:
Բաբոն առաջ անցավ։ Նա գնում էր հանգիստ քայլերով, առանց շտապելու, որովհետև ծերությունը և մանավանդ եր. կար տարիների ծառայությունը խեղճ Բաբոյի ոտներում Լլ ու չէին թողել։ Ամալիան նեղանում էր նրա դանդաղկոտության վրա, բայց ձայն չէր հանում, և այն ոչ թե նրա համար, որ ակնածում էր նրա ծերությունից, այլ նրա համար, որ կարոտ էր նրա օգնության և խորհրդապահության։
Բայց չնայելով, որ օրվա այդ ժամանակը փողոցներում կառք չէ ճարվում, այնուամենայնիվ Բաբոյի բախտից մի գինետան առաջ նրանք պատահեցին մի ծածկված կառքի, որի մեջ քնած էր կառապանը։ Ամալիայի հրամանավ Բաբոն զարթեցրեց կառապանին։ Խեղճ մարդը չգիտեր, թե ի՞նչ պատահմունքով յուր կառքը գտնվում էր այդ գինետան առաջ։ նա կամեցավ մի փոքր մտածել այս գաղտնիքը լուծելու համար, բայց Բաբոն ժամանակ չտվավ նրան։ -«Դեռ գնանք, մենք շտապում ենք, ինչ հարկավոր է, ճանապարհին կմտածես»,— ասաց նա նրան և օգնեց յուր տիրուհուն կառքը նստելու, իսկ ինքը բարձացավ կառապանի նստարանի վերա։
— Դեհ, գնա՛, բարեկամ, շուտ գնա՛. աստվածը քեզ ինձ