Այս էջը հաստատված է

Ինչ վերաբերում է այն միջոցին, որտեղից սկսվում է իմ պատմությունը, այդ իշխանական ազնվատոհմին մնացել էին միայն փառավոր անցյալի ավերակները։— Մի ոչ շատ շքեղ տուն, որ յուր արժեքից ավելի ծանրաբեռնված էր պարտքերով, մի քանի սենյակների սարք ու կարգ, որոնք հին իշխանական պաճուճանքների մնացորդներ էին, մի ահագին խոհանոց՝ յուր հին խոհարարական անոթներով, որոնց շատ փոքր մասն էր այժմ գործածության մեջ, մի ծերուկ սպասավոր և մի պառավ սպասուհի, որոնք շատ դժգոհ էին ներկայից, բայց անցյալը հիշելով մխիթարվում էին, և վերջապես մի դատարկ իշխպնական տիտղոս և նրա հետ էլ հոգևարք ազնվականության հատուկ մի մեծամտություն, ահա բոլորը, ինչ որ մնացել էր Ագապյան փառավոր ազգատոհմից նրա վերջին ժառանգներին։ Իշխան Լևոնը, որ այս վերջինների մեջ միակ արու զավակն էր ապրում էր դեռ մի քսան տարի սրանից առաջ։ Չնայելով, որ նա ազնվական էր և արդեն պետական պաշտոնակալ, այսուամենայնիվ նա համաձայնվեցավ ամուսնանալ մի ապատոհմիկ աղջկա հետ, որը հայտնի էր քաղաքում միայն յուր եղբոր շնորհիվ։ Գևորգ Սիմբրյանը (այս էր իշխանուհու եղբոր անունը) յուր ժամանակակիցների մեջ հայտնի էր յուր հանդուգն ձեռնարկություններով, որոնք գրեթե միշտ հաջողվում էին նրան։ Նա այն մարզիկներից մինն էր, որոնք հասարակական շահուց նախանձախնդրության պատրվակով, անձնական շահերը պաշտպանելով դյուրին ճանապարհը գտին։ Այս պատճառով և Գևորգ Սիմբրյանին կարելի էր պատահել բոլոր այն շրջաններում, ուր որ խոսք էր լինում հասարակական խնդիրների կամ պաշտոնավարությանց վերա։ Շատ անգամ նա ինքնակոչ խնամակալ կամ փաստաբան էր հանդիսանում հասարակության այս և այն դասի շահերին և այդ նպատակով կատաղի կռիվներ մղում յուր հակառակորդների հետ, մինչև որ վերջապես խլում էր նրանցից իրեն հասանելի արդար բաժինը։ Եթե պատահեր, որ նրա հակառակորդը մի զորեղ անձնավորություն լիներ, որին հաղթահարելու համար չբավականանային լեզուն ու ձայնը, նա կարող էր հազար