Այս էջը հաստատված է

և մի ինտրիգաներ ստեղծել և քաղաքի սինլքոր խուժանը ոտքի հանել այդ հակառակորդի դեմ, իսկ հարկավոր դեպքում մինչև անգամ կործանել տալ այդ հակառակորդի տունը, առանց մազաչափ խղճահարվելու։ Գևորգ Սիմբրյանի վրեժխնդրությունից չէին ազատվիլ նույնիսկ մեռելները, եթե նրանք այս անցավոր աշխարհից հրաժեշտ տալու ժամանակ մոռացած լինեին իրենց ունեցածից մի բան նրան թողնելու Սիմբրյանը կարող էր քանդել նույնիսկ նրանց կտակները և յուր ցանկացած բաժինը հափշտակել—մի գործ, որ բարեկիրթ ժողովուրդների մեջ գարշելի սըբապղծություն է համարվում, իսկ հայերի մոտ Սիմբրյանների շահատակության մրցանակ։

Ահա՛ այսքան զորեղ մարդ էր Գևորգ Սիմբրյանը և չընայելով որ նա ազնվական չէր, այսուամենայնիվ Ագապյան իշխանը բարեհաճեց նրա քրոջ ձեռքը խնդրելու, որովհետև շատ մեծ համարում ուներ նրա վերա և ստացավ առանց դժվարությունների։

Բայց իշխանուհի Դարիան եղբոր չափ բախտավոր չէր։ Յուր ամուսնության ութերորդ տարին դեռ չլրացած իշխան Լևոնը վախճանվեցավ, թողնելով նրան անմխիթար այրի և զավակները դեռահաս որբ։

Այդ որբուկների մեջ նշանավոր էր յուր գեղեցկությամբ անդրանիկ աղջիկը՝ Ամալիան, որին ժողովուրդն առաջին անգամ տեսավ իշխանի հուղարկավորության ժամանակ։ Այդ ժամանակ նա մի յոթնամյա աղջիկ էր, որ հոր դագաղից քարշ ընկած դառնապես ողբում էր նրան։ Տեսավ ժողովուդն այդ ադջկանը և հիացավ։ Դա մի կատարյալ հրեշտակ էր,որ խոստանում էր ժամանակի ամենալավ հոգեհան լինելու…

Չնայելով, որ իշխանուհին ուրիշ զավակներ էլ ուներ, այսուամենայնիվ նա յուր բոլոր խանդն ու գորովն ամփոփեց այդ անդրանիկ դստեր մեջ։ Յուր ամուսնու մահվանից հետո Ամալիան նրա միակ մխիթարությունն էր։

Բայց իշխանուհու եղբայրը թույլ չտվավ, որ յուր քույրը լոկ անձնական հաճության համար պահեր տան մեջ յուր աղջկան։