Այս էջը հաստատված է

նրանից շատ առաջ իմ ազնվուհի լինելս գիտեի և տղա ժամանակից սովորեցնում էին ինձ պահանջել ծառաներից, որ ինձ իշխանուհի անվանեն... Վերջապես ինձ վարժարան տվին, ուր եվրոպական լեզուների հետ ծանոթացա. աշխարհագրություն, թվաբանություն, երկրաչափություն և այլ շատ ություններ սովորեցի, դաշնակ զարնելուն վարժվեցա, երաժշտություն սիրեցի: Շուտով իմ վարժապետները վկայեցին, որ ես ավարտել եմ, ինձ վկայական տվին և ես նրան ծոցս դրած վերադարձա տուն։

«Ահա այս է իմ կրթության վերաբերյալ համառոտ պատմությունը. ա՛յս է լինում և մեր բոլոր հայ ազնվուհիների կրթության չափն ու սահմանը...

«Բայը ի՞նչ ենք բոլորս միասին վեր առած,— ոչնչություններ, անպարունակ դատարկություն...

«Մենք վերադառնում ենք տուն. մեզ շրջապատում են մեր հայ ազգականները. նրանք մեզ հետ խոսում են իրենց լեզվով, իրենց վարք ու բարքից, իրենց սովորություններից։ Մենք չենք հասկանում նրանց, բայց այդ չէ վշտացնում մեզ և ոչ էլ մեր ծնողաց — մենք արդեն ուսումնավարտ ենք...

«Հասարակ կամ միջին դասի շրջանն ենք մտնում. այստեղ խոսում են ձեռագործի վերա, տնտեսության վերա, մայրական պարտավորությանց վերա. և առօրյա կյանքին պիտանի ուրիշ շատ առարկաներից։ Մենք այդ բաների վերա գաղափար անգամ չունենք,— բայց ի՞նչ հոգ. մենք գեղեցիկ պարում, երգում և դաշնամուրի վերա խաղում ենք... իսկ հետո՞, մենք դուրս ենք գալիս փողոց: Հեռու կացեք, հայ իշխանուհիները գալիս են, ահա՛ նրանք։ Շքեղ շրջազգեստ, հարուստ վերարկու, վերջին տարազով գլխարկ, թանկագին սոլեր... Նրանք նայում են շատ բարձրից, ժպտում են շատ անուշ, ճեմում են կոտրատվելով... Նրանք խոսում են ֆրանսերեն, գերմաներեն և, վերջապես անգլերեն, եթե պահանջեք... Նրանց խոսակցության նյութը' թատրոն, մուզիկ, պարահանդեսներ, վիզիտներ... Բայց ի՞նչ բաներ են նրանք իսկապես. տիկնիկներ, խաղալիքներ, որոնք մեծ ճշտությամբ օրինակում են լուսավոր և քաղաքակիրթ կնոջ բոլոր արտաքինը, առանց սեփականելու նրա ներքին արժանավորությունները,