Այս էջը հաստատված է

Ա․

ՊԱՐՈՆ ԹՈՎՄԱՍ ՄԱՐԱԼՅԱՆԸ

Նրա տարիքը թեպետ հիսունհինգից անց էր բայց, նա դեռ ժիր և առույգ էր ինչպես մի երիտասարդ և յուր բոլոր գործերի վերա հսկում էր անձամբ։ Ամեն առավոտ նա ժամը վեցին արդեն ոտքի վերա էր. նրա ստորադրյալները նույնպես հետևում էին յուր օրինակին. որովհետև Թովմասի խանութները բացվում էին շուկայի մեջ ամենից վաղ և փակվում ամենից ուշ, իսկ այդ բոլոր ժամանակը նա ոտքը խանութից դուրս չէր դնում։ Նույնիսկ ճաշելու համար պարոն Թովմասը տուն չէր գնում և այդ պետքը լցուցանում էր խանութում։ Հենց այս պատճառով էլ նա շատ ատում էր այն փափկասեր վաճառականներին, որոնք կեսօրին խանութը գործակատարների հույսով թողնելով, շտապում էին իրենց կանանց հետ ճաշ վայելելու։ Թովմասը ուզենար էլ այդպես անել չէր կարող, որովհետև յուր բոլոր հաճախորդների հետ նա ինքն էր խոսում և համոզելու վերաբերյալ աննշան գործն անգամ ուրիշին չէր վստահանում։ Եվ այդ նրա համար, որ նա խորը կերպով համոզված էր, թե իրեն նման փորձված ու խելոք դեռ մի ուրիշը չկա։ Բայց թե պատահում էր այնպիսի գործ, որի օգուտը գերակշռում էր ա՛յն վնասին, որ յուր բացակայության ժամանակ կարող էին հասցնել իրեն յուր գործակատարները, այդպիսի դեպքերում, իհարկե, նա կանգ