նրա ձեռքը։ Երիտասարդը չէր քաշվում մանրավաճառների, որմնադիրների կամ նույնիսկ կինտոների ողջույնն ընդունելուց կամ նրանց ձեռքը սեղմելուց։ Մինչև գդակագործին հասնելը՝ չաչանակ Սերգոն բարձրացավ տեղից և ուրախ-ուրախ ընդառաջեց Մոմճյանին։ Վերջինս, որ անծանոթ երիտասարդի հետ նրան տեսնելով տխրել էր, նորից հոգի առավ.
— Արի է՜, Ակոբ ջան. քանի սհաթ է յիս ու Ծղալոբը քիզ ինք մնում. բարով, բարով. քեփդ վո՞ւնց է. էրեգվանից դեսը չիմ տեսի, սիրտս խիստ էր ուզում։
— Բարով, բարեկամս, ես լավ եմ, քո քե՞փը ոնց է։
— Փառք ստեղծող աստծուն, յիս էլ լավ իմ։
— Ծղալոբ ջան, դու ո՞նց ես. բան-ման շինեցի՞ր, թե ոչ,— կամացուկ հարցրեց երիտասարդը գդակագործին։
— Լավ իմ, աղա-ջան, դիփ հազիր է. արխեին կաց։
— Քանի՞ մարդ ունես։
— Հիսունից ավելի:
— Բոլորն էլ քեզ ձայն կտա՞ն։
— Ումիկ ունիմ, վուր չխաբին։
— Դուն արխեին կաց, Ակոբ ջան. Ծղալոբն իրիցփուխ է, վուր իրիցփուխ է. էս գիշեր էրազումն էլ տեսիլ է։
— Հա՞
— Մա՛շ։
— Էս գիշեր չէ, տո՛, է՛ս օր, հենց էստի,— ուղղեց Սերգոյի սխալը գդակագործը։
— Վո՞ւնց թե էստի,— զարմացած հարցրեց Մոմճյանը:
Գդակագործը նրան էլ պատմեց յուր երազի պատմությունը նույն մանրամասնությամբ, ինչպես որ պատմել էր չաչանակ Սերգոյին։
— Օ՜, այդ լա՛վ երազ ես տեսել. ուրեմն գործդ կհաջողվի:
— Ումիկ ունիմ, վուր աջողի։ Դուն էլ խոմ ուզում իս, չէ՞. Սերգոն էնենց ասավ:
— Իհարկե, բարեկամ, իհարկե. ասենք թե ես այդտեղ մի որևէ օգուտ չունիմ.բայց ազգի գործ է, լավ է որ արժանավոր