Այս էջը հաստատված է

— Չէ, էրեգ է էկի:

Մոմճյանը հանգստացավ։ Ուրեմն յուր ենթադրությունները սխալ էին: «Ով որ է, պետք է հետը ծանոթանալ և չթողնել, որ անպիտան մարդկանց ցանցում բռնվի»,— մտածեց Մոմճյանը։

— Հա, մտես ննգավ թե ասիլ էի, էտ տղեն քեզ ճանչնում է։

— Ո՞նց թե ճանաչում է.— դարձյ՛ալ անհանգստանալով հարցրեց Մոմճյանը:

Ճանաչնում է. բա՛ս. իփոր դուն տուն մտար ու Սանդրոյի հիդ խոսում էիր, նա հարցրուց թե՝ էս ջեհել տղեն ո՞վ է, իս կոսե. ասի Մոմճյանն է։ Նա էն նմուտին ասավ թև լավ կուճանչնամ. նրա անունը լսի՞ր իմ թե կարթացել իմ, կոսե, չիմ գիդի:

— Ուրեմն իմ անունը լսել կամ կարդացե՞լ է...

— Հա, մա՛շ:

— Հասկանում եմ, կնշանակե ինձ հեռվից է ճանաչում,— ինքն իրեն մտածեց Մոմճյանը և հանգստացավ:

— Խնդրից վուր քիզ հիդ ծանոթացնիմ,— շարունակեց Չաչանակը։

— Մի՞թե,

— Հա, շատ խնդրից. յիս էլ ասի լավ կուլի։

— Դե, ուրեմն գնա՝ բեր և ծանոթացրու։

— Էս նիմուտին.— ասաց Չաչանակը և տեղից բարձրացավ։

Բոլոր այս ժամանակ երիտասարդ Սերյանը զբաղված էր յուր տեսածներն ու լսածները քննելով։

Սկզբում նա մտածում էր թեյարանի նորալուր անվան վրա, որը՝ նայելով նրա հաճախորդներին (որոնք, յուր կարծիքով, արդար քրտինքով ապրողներն էին), համարում էր խորիմաստ ու պատշաճավոր: Բայց հետո գիշերային քաջագործությունների մասին խոսող երիտասարդներին լսելով, նա այդ անունը գտնում էր խաբեական, կամ ծաղրական։ Ապա չաչանակ Սերգոյի և նրա ընկերոջ խոսակցությունները լսելով, զարմանում էր, որ այդ հասարակ ամբոխի մեջ գտնվում են մարդիկ, որոնք հետաքրքրվում են հասարակական