- Է՜, ի՞նչ եք խոսում, մենք՝ ուսանողներս, առհասարակ երեխաներ ենք. մարդկանց դատում կամ գնահատում ենք նրանց խոսքերից և այնքան փորձված չենք, որ կարողանանք զանազանել գրողից, որ գրում է այն, ինչ որ զգում և մտածում է, և գրողից, որ գրչով զգացումներ, մտքեր է կեղծում, որոնցից զուրկ է։
— Բայց ի՞նչ վատություն եք տեսել, իսկապես, Արդուկյանի մեջ։
— Է՜հ, թողեք, սիրելիս, արժե՞ միթե նրա մասին խոսել. բոլոր քաղաքը ատում է նրան։
— Բայց պատճա՞ռը։
— Զարմանալի մարդ եք, ի՞նչ պատճառ է հարկավոր. ես ձեզ ասում եմ, որ բոլոր քաղաքը ատում է նրան։
— Այդ դեռ ապացույց չէ, որ նա վատ մարդ է, ամբոխի կարծիքը քանի՞ փող արժե․ ամբոխի կառավարողներն էլ դուք եք, որ նրա նման եք դատում։
— Է՜հ, կորած մարդ եք, ձեզ համոզել չեմ կարող,— նկատեց ընկերս անտարբերությամբ և հեռացավ։
Ես մնացի փողոցի մեջ կանգնած։ «Ի՞նչ էի սպասում և ինչի՞ եմ հանդիպում»,— մտածեցի ինքս ինձ. մի՞թե արդարև Արդուկյանը այնպիսի մի մարդ է, որ ամբողջ քաղաքը ատում է նրան․ սա մի հանելուկ է, պետք է նրան լուծել»։
Մի քանի օրից ետ ես պատահմամբ պ. Ճպուռյանի խանութը մտա։ Այստեղ, պետք է ասել, սովորություն ունեին ժողովվելու մեր հասկացող դասի անդամներից շատերը, ինչպես, օրինակ, իրավաբաններ, փաստաբաններ, բանկի ծառայողներ, գրագետներ, ուսուցիչներ և մինչև անգամ դերասաններ։ Ճպուռյանը ինքը մի առանձին խելք չունի և ոչ էլ խոսելու շնորհք, ուստի յուր անձնական արժանիքը չէ, որ մեր ինտելիգենտներին հավաքում է այստեղ, այլ ա՛յն, որ նրա խանութը գտնվում է քաղաքի կենտրոնում և ամենալավ փողոցի վրա։
Մեր ինտելիգենտները հավաքվելով այստեղ՝ հաղորդում են միմյանց քաղաքի նորությունները և երբ նորություն չի լինում, զբաղվում են բամբասանքով։