— Ինքնըստինքյան հասկանալի է, որովհետև մենք ավելի հասարակական քան անձնական շահերին նվիրված երիտասարդների պետք ունինք։
— Հենց այդ նպատակով էլ ես եկա Թիֆլիս։
— Անշուշտ հասարակական շահերին նվիրվելու համար։
— Այո՛, միմիայն հասարակական շահերին։
— Այդ պատիվ է բերում ձեզ, պ. Սարյան,— ասաց Մոմճյանը խորհրդավոր եղանակով գլուխը շարժելով։
— Պատվի վրա չեմ մտածում, այլ պարտավորությունս կատարելու վրա,— համեստությամբ նկատեց Սարյանը։
Այնուհետև Մոմճյանը սկսեց հարց ու փորձ անել նրան, թե որտե՞ղ և ե՞րբ էր ավարտել, թե Թիֆլիս գալու միտքը ո՞ր բարեհաջող հանգամանքներն են նրա գլխում ծնեցրել, թե ի՞նչ ճանապարհով է կամենում յուր նպատակին հասնել և այլն, և այլն։
Սարյանն ամեն ինչ պարզությամբ և մանրամասնաբար պատմեց այդ բոլորը Մոմճյանին։
Վերջինս անչափ ուրախացավ, տեսնելով, որ կարի պիտանի և յուր նպատակներին ծառայելու ամեն հարմարություններով օժտված երիտասարդի է հանդիպել։
— Եթե կամենաք իմ խորհուրդներից օգտվել, ես ձեզ ցույց կտամ գործելու ամենից հարմար ճանապարհը,— ասաց Մոմճյանը Սարյանին.— դուք այստեղ օտար եք և անշուշտ պետք ունիք մի ազնիվ առաջնորդի, որ այս քաղաքի լավ ու վատ շրջանների հետ ծանոթացնե ձեզ, առանց մոլորեցնելու։
— Որտե՞ղ կարող եմ ձեզանից լավ առաջնորդ գտնել։ Շնորհ արեք, օգնեցեք ինձ ձեր խորհուրդներով և ես հավիտյան երախտապարտ կմնամ ձեզ,— խնդրեց Սարյանն անկեղծությամբ:
— Ամենայն սիրով։ Վաղն եկեք մեր խմբագրատունը. այնտեղ հարկ եղածը կխոսենք և կտնօրինենք։
— Բայց ձեր խմբագրատունը ես չեմ ճանաչում։
— Դուք ուրեմն «Փնջիկ» թերթի խմբագրատունը չե՞ք ճանաչում ։