հատ դուստր Շուշանի հետ։ Տ. Մարթայի տանն ապրում են նույնպես երկու գավառացի երիտասարդներ՝ Մանուկ Շաշյանը և Սարգիս Մովսիսյանը, որոնք վճարում են նրան թե՛ բնակարանի և թե՛ ուտեստի համար ամսական քսանհնգական ռուբլի։
Տիկին Մարթան բարձրահասակ, նիհար երեսով, արագաշարժ աչքերով, մեծ ու միշտ ժպտող բերանով, լեզվանի, շատախոս և վերին աստիճանի կենդանի մի կին է։ Տարիքը քառասունհնգից ավելի չէ. բնավորությամբ լինելով բարեխառն, հաճոյախոս, ամենքին գգվելու և փաղաքշելու դյուրապատրաստ. նա շատ շուտ բարեկամանում է ամեն մի պատահողի հետ. լինի դա կին թե տղամարդ, աղջիկ թե երիտասարդ, տգետ թե ուսումնական, գավառացի թե քաղաքացի։ Ամենքին գովելու և դրվատելու համար նրա ճարտարախոս լեզուն հարմար և պատշաճավոր խոսքեր ու դարձվածներ ունի։ Ամենքի համար նա և՛ մայր է, և՛ քույր, և՛ հորաքույր, և՛ հոգացող, և' հովանավորող։ Ով ինչ պետք ունի, նա կարող է լցուցանել. պաշտո՞ն եք պտրտում, նա պաշտոն տվող մարդկանց տեղը ձեզ կասե. կամենո՞ւմ եք ծանոթանալ այս ինչ պարոնի կամ տիկնոջ հետ, նա՞ դրա ճանապարհն էլ ցույց կտա. տեղեկություննե՞ր եք ուզում քաղել այս կամ այն ընտանիքի մասին, նա ինքն այդ տեղեկությունները կտա կամ մի քանի ժամից կբերե. բարեկամդ խռովե՞լ է քեզանից, նա կարող է հաշտեցնել, մի խորհուրդ կամ Ժողով ունիք անելու, որին կամենում եք մասնավոր կերպարանք տալ. նա յուր սարքած հյուրասենյակը կդնե ձեր տրամադրության տակ. հարկավոր է այս ինչ միտքը կամ լուրը տարածել հասարակ ժողովրդի կամ շատախոս կանանց շրջանում, դրա համար էլ նա պատրաստ է։ Միով բանիվ տիկ. Մարթան ամենագետ և ամենակար մի կին է՝ ամեն դասակարգի և սեռի անձանց պիտանի։ Միայն չարությունն է, որ նա չի կարող անել, որովհետև, ինչպես ինքն է ասում, աստված նրան բարի է ստեղծել։
Այս է պատճառը, որ տիկ. Մարթան մեծ ազգականություն չունենալով հանդերձ՝ բազմաթիվ և բազմատեսակ բարեկամներ ունի։ Տգետ վաճառականից կամ