Այս էջը հաստատված է

խմբագիրը։ Դա միջին հասակով, ոչ շատ առողջ կազմվածքով, նիհար, երկար և մի փոքր սփրթնած դեմքով մեծ-մեծ աչքերով, որոնց մեջ խելքի արտահայտություն չէր նշմարվում և արագ-արագ, բայց թլվատ լեզվով խոսող մի երիտասարդ էր։

Նրա առաջ նստած էր Սարգիս Մովսիսյանը, որ նույնպես գավառացի էր և. Շաշյանի թերթի աշխատակիցը։ Դա նույնպես միջին հասակով, մոտ քսանվեց տարեկան, նիհար, բայց կոպիտ կազմվածքով, վերին աստիճանի շարժուն և կենդանի, տգեղ, բայց արտահայտիչ դեմքով, շատախոս, դյուրաբորբոք, սակայն բարի և խառնվող երիտասարդ էր։

Սեղանից հեռու, բազմոցի և բազկաթոռների վրա նրստած էին մի քանի ուրիշ երիտասարդներ և օրիորդներ, որոնք ցած ձայնով խոսակցում էին իրար հետ. իսկ սենյակի անկյունում դրված թախտի վրա՝ կուռը մութաքին հենած և ոտները ձգած պառկած էր մի փոքրահասակ, տգեղ դեմքով, մեծ և ծաղկատար քթով ու կարճ կտրած մազերով մի օրիորդ, որ ռուսերեն մի ինչ որ գիրք էր կարդում։

ժողովը դեռ սկսված չէր։ Պ. խմբագիրն ու աշխատակիցը մի-մի թերթ առջևները դրած խազխզում էին։ Երևում էր, որ նրանք դարձյալ սպասում են մի մարդու։

Աշխատակից Մովսիսյանն երկար յուր թուղթը խազխզելուց և նրա վրա գիրք, սեղան, թռչուն, ձիու գլուխ և կոշիկներ նկարելուց հետո հանկարծ ընդհանուր լռությունն ընդհատեց։

— Կարծեմ մենք հարկ եղածից ավելի սպասեցինք, սկսենք մեր գործը։— Այս ասելով նա յուր հայացքն ուղղեց պ. խմբագրի և բազկաթոռների մեջ ձգված երիտասարդների վրա, սպասելով, թե նրանք ինչ պիտի ասեն։

— Սկսենք, եթե կամենում եք, — հարեց երիտասարդներից մեկը։

— Սպասեցեք, խնդրեմ, մի հինգ րոպե, իսկույն վերջացնում եմ, — խոսեց թախտի վրա պառկած օրիորդը և գրքի թերթը շրջեց:

— Դուք հետաքրքիր բան եք կարդում և ժամանակը