Այս էջը հաստատված է

ձեզ համար անզգալի է անցնում, օրիորդ. իսկ մենք ձանձրանում ենք, — պատասխանեց Մովսիսյանը։

— Ձանձրանո՜ւմ եք. ամոթ չէ՞, և օրիորդների առա՞ջ եք այդ խոսքերն արտասանում, — սուր ու ճնշող ձայնով նկատեց մի փոքրահասակ և փոքրիկ դեմքով օրիորդ, որ շարունակ շատախոսում էր յուր կողքին նստած երիտասարդի հետ։

— Օրիորդ, մի՛ նեղանաք, չզիտե՞ք որ պարոն Մովսիսյանն ասպետ չէ, — արդարացրեց երիտասարդին խմբագիրը և կամացուկ շշնջաց նրա ականջում, որ ներողություն խնդրե օրիորդից:

֊ էհ, բան չունի՞ս. ներողություն չէ՞, ոտքերն էլ ընկնեմ. իհարկե ձանձրանում եմ, — բարկացավ Մովսիսյանը և բարձրանալով՝ մոտեցավ սենյակի պատուհանին:

Երիտասարդներն ու օրիորդները սկսեցին ծիծաղել, իսկ փոքրահասակ աղջիկը սրտնեղությունից մինչև ականջները շառագունեց։ Բայց որպեսզի ցույց տա թե Մովսիս֊ յանի կոպտությունից չվիրավորվեց, նրա խոսքը կրկնեց.

— Եվ իրավ պ. Շաշյան, ինչո՞ւ չեք սկսում, գուցե պ. Մոմճյանը չէ գալիս։

— Եթե նա չգա, ես էլ հարցեր չի պիտի ունենամ առաջարկելու։

— Ինչպե՞ս, դուք չե՞ք խմբագիրը, ինչո՞ւ հարցերը պ. Մոմճյանը պիտի առաջարկե:

— Այսինքն ես այդ չկամեցա ասել. ես... հա, այն էի ուզում ասել, որ այսօրվա ժողովը նրա խնդրանոք եմ հրավիրել. նա ունի որոշ հարցեր, որոնց կամենում էր առաջարկել ձեր քննության։

Օհ, հրաշալի է, հրաշալի. ի՜նչ նկարագրություններ, ի՞նչ մերկացումներ։ Հանճար է, երկնային հանճար, — բացականչեց հանկարծ թախտի վրա պառկած օրիորդը և տեղից բարձրանալով փակեց ձեռքի գիրքը և փոքրիկ սեղանի վրա դնելով՝ մոտեցավ խոսողներին։

— Ո՞ւմ մասին եք խոսում, օրիորդ, ո՞վ է հանճար, — հարցրեց երիտասարդներից մեկը:

— Զոլան: