— Իհարկե, և ի՞նչ հանճար, — վկայեց պ. խմբագիրը:
— «Նանան» եք կարդում, այնպես չէ՞, — հարցրեց փոքրահասակ օրիորդը:
— Այո, միայն շորս գլուխ մնաց, որ ավարտեմ։
— Ես երկու անգամ միմյանց վրա կարդացել եմ և միշտ հիացմունքով։
— Այդպիսի գրվածքը հինգ անգամ էլ արժե կարդալ, — հարեց խմբագիրը։
— Իսկ դուք մի անգամ եք կարդացել, չէ՞, — հարցրեց նրան կարճ մազերով օրիորդը:
— Ո՛չ, ես դեռ չեմ կարդացել։
— Դու որ չես կարդացել, ի՞նչ ես խորհուրդ տալիս ուրիշներին, որ հինգ անգամ կարդան, — ծիծաղելով նկատեց Մովսիսյանը։
— Պ. Մոմճյանը կարդացել է, — ասաց խմբագիրը։
— Քե՞զ ինչ:
— Ինչպե՞ս թե ինձ ինչ. միևնույն գիրքը խմբագրության բոլոր անդամները հո չի պիտի կարդան. այնքան ժամանակ որտեղի՞ց է. մեկը կկարդա և բովանդակությունը մյուսներին կպատմե։
— Ուրեմն ձեր խմբագրության մեջ ամեն օր միայն մի մա՞րդ է հաց ուտում, մյուսները ծո՞մ են պահում:
— Ի՞նչ կնշանակե այդ:
— Կնշանակե թե՝ մեկը կուշտ փորով արտալա, բաստուրմա ու կոմպոտ է ուտում, մի շիշ էլ վրան գինի է խմում, և հետո մյուսներին պատմում է, որ ինքը կերել է և նրանք կշտանում են, այդպես չէ՞: Երիտասարդներն ու օրիորդներն սկսան ծիծաղել։
— Շատ տղայական համեմատություն եք անում, — վրդովված նկատեց խմբագիրը:
— Դրանից ավելի լավ համեմատություն չէի կարող անել, — հարեց Մովսիսյանը։
Այս միջոցին ներս մտավ ժողովականների մոտ պ. Հակոբ Մոմճյանը, որի հետ «Արդար քրտինքով ապրողների թեյարանում» ծանոթացանք: Զեռքի թղթապանակն աթոռներից մեկի վրա դնելով՝ նա ծիծաղադեմ մոտեցավ ժողովականներին